Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետին ու պաշտոնական այցով հրավիրել Հայաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատալին: 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելությունում:

Վկայակոչելով հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամությունն ու առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման օրոք մեր կառավարությունները նոր եռանդով կփոխգործակցեն Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցությունն առավել խորացնելու համար։

Անշուշտ, Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզն այդ նպատակին ծառայող արդյունավետ գործիք է, և լիահույս եմ, որ առկա բոլոր հնարավորությունները կօգտագործենք դրա հաջող իրագործումն ապահովելու համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր հետևողական ջանքերը մեր երկրի կողմից դիմագրավվող աշխարհաքաղաքական մարտահրավերների հաղթահարման և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործընթացում:

Խորապես շնորհակալ եմ Հայաստանին առնչվող հարցերի հանդեպ Ձեր մշտական ուշադրության և հայ ժողովրդի նկատմամբ Ձեր ջերմ բարեկամական վերաբերմունքի համար։

Ուրախ կլինեմ Ձեզ պաշտոնական այցով հյուրընկալելու Հայաստանում, ինչը կարևոր խթան կհաղորդի մեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ամենաբարձր մակարդակով առկա հանձնառությանը:

Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթելով հաջողություններ Ձեր նախաձեռնություններում՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»։