Բաքուն մերժում է Փաշինյանի առաջարկները, հորդորում վերջ տալ ՀՀ Սահմանադրությունում իր դեմ «ոտնձգություններին». «Ազատություն»

«Ազատություն» – Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է հունվարի 28-ին՝ ՀՀ Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետի հայտարարություններին։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ուղերձում ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է կնքել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի և չհարձակման պայմանագիր:

Հաջիզադեն այսօր ասել է, թե Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրից և միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից:

«Չնայած նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից ադրբեջանական կողմը հայկական կողմին կոչ է արել վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում, 44-օրյա պատերազմից հետո տարբեր միջազգային ատյաններին հասցեագրված դիմումներում, միջազգային կազմակերպություններում տարածված պաշտոնական նամակագրություններում, Հայաստանը դեռևս որևէ գործնական քայլ չի արել այս ուղղությամբ», – պնդել է Հաջիզադեն:

Նրա փոխանցմամբ, այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն գործնական նշանակություն չունեցող առաջարկներ հնչեցնելը թյուրիմացություն է ստեղծում և անընդունելի է։

«Հայտնի է, որ Հայաստանը անցած 30 տարիների ընթացքում կոպտորեն ոտնահարել է մեր տարածքային ամբողջականությունը և ինքիշխանությունը ճանաչող միջազգային պայմանագրերը, ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ, մեր տարածքների օկուպացիայի ընթացքում իր ռազմական տեխնիկայի մեծ մասը թաքցրել է միջազգային վերահսկողական մեխանիզմներից՝ դրանք անօրինական տեղակայելով մեր երկրի տարածքում», – ասել է Հաջիզադեն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում