Կայացել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 12-ին կայացել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը։ Պատասխանատու այս նախագիծը միավորել է համայնքային ենթակայության 24 երաժշտական ու արվեստի դպրոցների ավելի քան 80 աշակերտների և կրթական այլ հաստատությունների շուրջ 20 ուսանողների: 

Նվագախմբում ընդգրկված պատանիների ուսումը երաժշտական և արվեստի դպրոցներում կազմակերպվում է անվճար հիմունքներով, իսկ մանկավարժներն էլ ստանում են լրավճար՝ հավելյալ պարապմունքների համար: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ նվագախմբի համար իրականացվում է երաժշտական բարձրակարգ և թանկարժեք գործիքների ձեռքբերման ծրագիրը, նախատեսված են նվագախմբի հայաստանյան և արտասահմանյան հյուրախաղեր:

Հայ երաժշտարվեստի զարգացման գործում և Երևանի մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ պարգևատրվեց «ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ» հուշամեդալով։