Հանրային սննդի կետում սնվածներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա. «Ջուլիս»-ի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների
վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից
հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, սուր աղիքային վարակ
նախնական ախտորոշմամբ, «Միքայելյան վիրաբուժության
ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ:

Վերջիններս նախորդ օրը «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում
(Երեւան, Պուշկինի 39) կերել են սաղմոնով վաֆլի եւ սաղմոնով
սպագետտի:

Հաջորդող մի քանի օրերին բժշկի դիմել է նշված հանրային
սննդի կետում սնված եւս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12
հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա:
Նույն օրը՝ փետրվարի 8-ին, բացված ստուգման հրամանի հիման
վրա՝ ՍԱՏՄ Երեւանի կենտրոնի տեսուչները, վերահսկողական
միջոցառումների շրջանակում, նմուշներ են վերցրել հանրային սննդի
կետում առկա սաղմոն ձկից, ձվով սոուսից ու ձվից եւ ներկայացրել
լաբորատոր փորձաքննության:


Արդյունքում պարզվել է, որ «Մարինացված սաղմոն ձուկը»՝ ԱՑԽՄ
(աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) եւ ախտածին ա/թ սալմոնելաներ,
իսկ «Սոուս Հովանդեզը» ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ եւ ֆակուլտատիվ
անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ եւ Proteus ցեղի մանրէներ ցուցանիշներով
չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական
կանոնակարգերով սահմանված պահանջներին:


ՀՎԿԱԿ-ի կողմից «Ջուլիս» ռեստորանի աշխատակիցներից վերցված
քսուքների մանրէակրության վերաբերյալ հետազոտության
արդյունքներով աշխատակիցներից երեքի մոտ (խոհարար, մատուցող,
սպասք լվացող) հայտնաբերվել է սալմոնելլա` Salmonella enteriditis, իսկ
մեկի մոտ՝ սալմոնելլա խմբի մանրէների ԴՆԹ:


Շրջակա միջավայր մակերեսներից վերցված 30 լվացուկի
մանրէաբանական հետազոտությամբ դրանցից 5-ում հայտնաբերվել են
աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ):
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի
կետի գործունեությունը կասեցվում է:


Տեղեկանք. Համաձայն «Սննդամթերքի անվտանգության
վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝ «Արտադրության
կամ վերամշակման փուլերում վտանգավոր սննդամթերքի թողարկում
հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը
կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են
խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության եւ լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա»: