Ինչպես մնացած երկրների ղեկավարները, այնպես էլ Ուկրաինայի նախագահը կարող է այցելել Հայաստան. պատգամավորը՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին

Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը որևէ տեղեկություն չունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան հնարավոր այցի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թունյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես, որպես պատգամավոր, խմբակցության անդամ, այդ մասին տեղեկություն չունեմ: Ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդամները՝ նույնպես»,-նշեց Թունյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հավանական համարո՞ւմ է Զելենսկիի այցը՝ Թունյանը պատասխանեց, որ այդ մասին չի մտածել: «Բայց անհավանական էլ չեմ համարում»:

Պատգամավորը զերծ մնաց գնահատական հնչեցնելուց՝ հնարավոր այցը դրակա՞ն, թե՞ բացասական կլինի: «Ի վերջո Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է: Եվ ինչպես մնացած երկրների ղեկավարները, եթե ինչ-որ հատուկ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր այցի մեջ հակառուսական երանգ չի՞ տեսնում՝ Թունյանն ասաց, որ, ըստ էության, ամեն ինչի մեջ էլ կարելի է հակառուսական երանգ գտնել, եթե փնտրում են:

Քանի որ այդ պահին հնարավոր այցի մասին պաշտոնական հայտարարություն չկա, պատգամավորն այլ մեկնաբանություն չարեց: