Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը տապալել է իր առաքելությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում Ռուբինյանը Վարդազարյանին հիշեցրեց պատերազմից հետո արված հայտարարությունը, որտեղ Վարդազարյանը հղում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորներ» բառակապակցությանը:

Ռուբինյանը ԲԴԽ նախագահին հարց ուղղեց այն մասին, որ պատերազմի ավարտից հետո, երբ մահափորձ կատարվեց Ազգային ժողովի նախագահի դեմ, հայտնվեցին տեղեկություններ վարչապետի դեմ մահափորձ պատրաստելու մասին, Վարդազարյանը դատավորներին ուղղված հայտարարությամբ արդյոք զսպման, թե չզսպման կոչ էր անում:

«Դուք ըստ իս տապալել եք ձեր առաքելությունը, որպես ԲԴԽ նախագահ, դուք անցել եք քաղաքականության գիծը: Հաշվի առնելով այս ամենը, մտածել եք արդյոք հրաժարական տալու մասին, եթե չեք մտածել, արդյոք չեք կարծում, որ կարելի է սկսել մտածել այդ ուղղությամբ»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ հրաժարական տալու մասին չի մտածել:

«Թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակահատվածը, երբ մտածելու եմ այդ հարցի վերաբերյալ»,- նշեց Վարդազարյանը: