Վարչապետի կոչով մարզպետների, համայնքապետների գլխավորությամբ ձևավորվում են կամավորական ջոկատներ

Հեղինակ MediaLab

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին ի պատասխան՝ մարզերում, համայնքներում ձևավորվում են կամավորական ջոկատներ՝ առաջնագիծ մեկնելու համար, մարզպետներն ու համայնքապետներն անձամբ են զինվորագրվում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ վարչապետի կոչից հետո անցկացվեցին մարզերի խորհուրդների արտահերթ նիստեր՝ ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու օրակարգով, որից  հետո մարզպետները հանդես եկան հայտարարություններով:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտնեց. «Հպարտությամբ փաստում եմ,  որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար։
Եվ, ուրեմն, ի գործ: Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը: Ապա զորամասերից մեկում անցնում ենք ներդաշնակում, պատրաստում և մեկնում ենք հայրենիքի պաշտպանության առաջնագիծ»:

Նույն մարզից Հայաստանի միակ կին քաղաքապետը՝ Դիանա Գասպարյանն էլ հայտարարեց, որ կամավորագրվում է Հայրենիքի պաշտպանությանը և գնալու է իր բաժին հաղթանակի ետևից՝ կոչ անելով Էջմիածնի տղամարդկանց զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ հայրենիքի պաշտպանությանը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ևս հայտնեց, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Լոռու համայնքապետների հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացել են նաև մարզի համայնքների ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը:

Նույն մարզում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտնեց, որ Վանաձորի քաղաքապետարանի վարչակազմը՝ տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժնի պետեր և անձամբ ինքը, պատրաստ են զինվորագրվելու հայրենիքի պաշտպանությանը՝ կոչ անելով քաղաքացիներին ևս միանալ:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ևս տեղեկացրեց, որ վարչապետի կոչին ի պատասխան, հանդիպել է Տավուշի համայնքապետների եւ վարչական ղեկավարների հետ: «Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամությունը: Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու եւ ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի»,-գրեց մարզպետը:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն
 էլ հայտնեց՝ թեև զինվորական երդումը տվել է 15 տարի առաջ,  հիմա եկել է պահը, որպեսզի, իր երդմանը հավատարիմ, զինակից ընկերների հետ միասին, մասնակից լինի հայրենի սահմանների պաշտպանությանն ու հաղթանակի կերտման սուրբ գործին։
«Արարատի մարզի բոլոր համայնքներում այժմ կազմավորվում են կամավորական ջոկատներ, որոնք գլխավորելու են համայնքների ղեկավարները կամ համայնքից պատասխանատու որևէ անձ։ Սիրելի՛ արարատցիներ, շտապեք կամավորագրվել և ձեր կանոնավոր ջոկատով եկեք միանանք առաջնագծում կռվող մեր հերոս տղերքին»,-տեղեկացրեց մարզպետը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ դիմեց մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին՝ կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին՝ նշելով, որ կարող են դիմել համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նույնպես տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի կոչին ի արձագանք հազարավոր եղբայրներ կմիանան առաջնագծի քաջերին՝ էլ ավելի մոտեցնելով մեր համազգային հաղթանակը, Արցախի սուրբ հողում մեկընդմիշտ ամրագրելու Հայոց պետականություն՝ որպես Հայ ժողովրդի անվտանգության եւ հարատեւության բացառիկ երաշխավոր:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ մարզի համայնքների ղեկավարներին, բնակիչներին տեսաուղերձով կոչ արեց իր հետ միասին զինվորագրվել հայրենիքի սուրբ հողի պաշտպանությանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ևս, տեղեկացնելով մարզպետարանում գումարված մարզխորհուրդի արտահերթ նիստի մասին, հայտնեց, որ բոլորը միահամուռ, իր գլխավորությամբ, պատրաստակամություն են հայտնել ստեղծելու կամավորական ջոկատներ՝ արդար պայքարը փառքով ու հաղթանակով պսակելու։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ տեղեկացրեց, որ Երեւանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հետևելով ՀՀ վարչապետի կոչին, կամավորագրվում է սուրբ հայրենիքի պաշտպանության գործին։ «Վճռորոշ այս պահին կարևոր է բոլորիս համախմբումն ու միասնական պայքարը, ուստի կոչ եմ անում կամավորագրվել և միասնական կերպով մասնակցել մեր նորօրյա հաղթանակի կերտման գործին: Իմ գլխավորությամբ ձևավորվող ջոկատին միանալու համար հենց այս պահից սկսած կարող եք դիմել Ջերմուկի համայնքապետարան»,- հայտնեց նա:

Դեռ նախքան վարչապետի կոչը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կոչ էր արել սյունեցիներին մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել և ծառայել հայրենիքին: