Հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը կնպաստի խաղաղության օրակարգի հաստատմանը․ Հարիվանշ Նարայանին՝ Հակոբ Արշակյանին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ողջունելով Հնդկաստանի պատվիրակությանը, նշել է. «Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ իր գործընկերությունը: Մեր բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և կարող ենք վստահորեն փաստել, որ այդ ավանդական բարեկամությունն այսօր արտացոլվում է երկու երկրների հարաբերություններում: Հայ-հնդկական հարաբերությունները գտնվում են որակական նոր մակարդակում, և երկուստեք ջանքերը պետք է մեկտեղվեն՝ այդ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»:

Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում բարձր է գնահատել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև արդյունավետ երկխոսությունը. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու»:

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի և կապի, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, գիտության և կրթության, տեղեկատվության և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է երկու երկրների միջև՝ Հայաստան-Նյու Դելի ուղիղ ավիաչվերթների հարցը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացը և խաղաղության հաստատման երեք հիմնական սկզբունքները. «Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացում»:

Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանին կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ Հայաստանն իրենց կարևոր գործընկերներից է. Հայաստանի շուրջ իրադարձությունները գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում:

Հարիվանշ Նարայանին իր աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին և կարևորել այս գործընթացում համապարփակ խաղաղության և կայունության հաստատումը՝ հույս հայտնելով, որ հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը կնպաստի խաղաղության օրակարգի հաստատմանը:

Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը և Ծովինար Վարդանյանը: