Դատախազությունը պահանջում է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենից ու ևս 2 պաշտոնյայից բռնագանձել ապօրինի գույք, միջոցներ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները:

Մասնավորապես՝

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից բռնագանձել՝

3 անշարժ գույք.

1 տրանսպորտային միջոց.

270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

103.755 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՍՊ ընկերությունների սեփականատեր Արտակ Բաղիկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

5 անշարժ գույք.

4 իրավաբանական անձանցում մասնակցություն.

52 մլն դրամ:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝

3 անշարժ գույք.

1 տրանսպորտային միջոց.

Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ.

933 մլն 144 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.

208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ: