«Սահմանադրական դատարանը որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող». Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Կարդում եմ առանձին լրատվամիջոցների վերնագրերը, և այնպիսի տպավորություն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ քրեադատավարական որոշում է կայացրել կամ դիրքորոշում հայտնել նրա իրավունքների պաշտպանության վերաբերյալ: 
Եվ դա այն դեպքում, երբ ՍԴ-ն հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը, այսինքն որոշումն ամբողջությամբ դեռևս չկա:

Սահմանադրական դատարանը որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող: Այն իրավասու է որոշում կայացնելու միայն կիրառվող իրավական ակտի կամ դրա դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ: Իսկ կայացված որոշման հնարավոր հետևանքների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ որոշմանն ամբողջությամբ ծանոթանալու հիման վրա: Ժամանակից առաջ ընկնել չի կարելի»: