Արարատ Միրզոյանը հաստատեց, որ Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի սահմանազատման, սահմանագծման հետ. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանը՝ Հ1-ին տված հարցազրույցով ի՞նչ մեսիջներ փոխանցեց ներքին լսարանին, ո՞րն էր այդ հարցազրույցի նպատակը։

– Որևէ նոր բովանդակություն, փաստարկ չլսեցինք, նա դարձյալ ֆետիշացնում էր Ալմա Աթայի հռչակագիրը, այն պարագայում, երբ այդ հռչակագիրը քարտեզ չէ, ընդամենը քաղաքական հռչակագիր է, որն իրավական հիմք չունի։ Այդ հռչակագրով հետխորհրդային տարածքում որևէ երկու երկիր սահմանազատում ու սահմանագծում չեն արել, սա ինքն էլ պետք է շատ լավ իմանա, ու, ընդհանրապես, կարծեմ միայն Հայաստանում է, որ այդ հռչակագրի մասին հիշում են։ 

Երկրորդ կարևոր հանգամանքը. ինքը ֆետիշացնում է Ալմա Աթայի հռչակագիրը, զուգահեռ՝ նույն օրը, նրա արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Ալ-Ջազիրա»-ին հարցազրույց է տալիս, որում բացահայտ նշում է, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ հռչակագիրը ներառել խաղաղության պայմանագրի տեքստում։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը նույնիսկ ծաղրի է նման։ 

Որպեսզի նրա արտաբերած անհեթեթություններին չանդրադառնամ, որի պակասն այդ հարցազրույցում չկար, օրինակ՝ Կիրանցի դպրոցի մոտ ծառեր կտնկեն, որ ադրբեջանցիներին չտեսնեն, կամ պնդումը, թե մենք ենք չորս գյուղ ստացել, ընդամենն ասեմ, որ այդ հարցազրույցը շատ հստակ երեք նպատակ ուներ։ 

Առաջինը՝ իր արտաքին տերերին հավատարմություն հայտնել ու խոստանալ, որ չնայած դժվարություններին՝ գործընթացը մինչև վերջ կտանի: Պատահական չէ, որ այդ հարցազրույցը հաջորդել է Բլինքենի հետ հեռախոսազրույցին: Ըստ ամենայնի, ԱՄՆ-ում անհանգստություն է եղել, որ գուցե ներքին լարումների պատճառով Փաշինյանը չկարողանա ավարտին հասցնել գործընթացը։ 

Երկրորդը՝ փորձում էր իր սակավաթիվ էլեկտորատին կերակրել վստահությամբ, նա ոչ թե նոր մարդկանց համոզելու խնդիր ունի, այլ գոնե եղած էլեկտորատը պահելու։ Երրորդը՝ ուղղակի մեսիջ էր, որ Տավուշում սկսվելու են հատուկ գործողություններ, ինչին ականատես եղանք հարցազրույցից ժամեր անց։ Այս երեք խնդիրներն էին, որ նրան մղել էին Հ1-ի եթերում կրկնել այն բոլոր թեզերը, որոնք մենք լսում ենք արդեն երեք ամիս։ 

– Այսինքն՝ Արարատ Միրզոյանը, ըստ էության, հաստատո՞ւմ է հնչող այն մտահոգությունները, որ այս գործընթացն իրականում միակողմանի զիջում է, այլ ոչ թե սահմանազատում ու սահմանագծում։

– Միանշանակ, եթե Փաշինյանը ֆետիշացնում է մի հռչակագիր, որին Ադրբեջանը հրաժարվում է հղում անել խաղաղության պայմանագրում, մյուս կողմից՝ ապրիլի 19-ին Մհեր Գրիգորյանի ու Մուստաֆաևի հանձնաժողովներում տարածած հայտարարության մեջ գրված է, որ Ալմա Աթային հղումը կարող է փոխարինվել, եթե խաղաղության պայմանագրում այլ հիմքեր առաջանան։ Եթե այս ամենը համադրում ենք, ապա ստացվում է, որ Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի դասական իմաստով սահմանազատման, սահմանագծման հետ։ Սա միակողմանի, նվաստացուցիչ զիջումների քաղաքականություն է, որն իրենք իրականացնում են։ 

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ այդ խոստումը, որի մասին ասացիք, որքանո՞վ ընդունվեց ձեր ասած՝ արտաքին տերերի կողմից, ու ովքե՞ր են նրանք։

– Այս գործընթացն ակնհայտորեն տեղի է ունենում Արևմուտքի հովանավորությամբ, դեռևս չէր հնչել ապրիլի 19-ին հանձնաժողովների համատեղ հայտարարությունը, երբ արդեն ԱՄՆ-ն ու նրա բոլոր դաշնակիցներն իրար հերթ չտալով ողջունեցին այն։ Շատ բաց խաղաքարտերով խաղ է, ու ակնհայտորեն սա Բրյուսելի եռակողմ հանդիպման գինն է։ 

Առաջին հարցին անդրադառնալով՝ եթե նրանք աչք են փակում Հայաստանում հաստատված ավտորիտարիզմի, բեսպրեդելի, խոշտանգումների, ձերբակալությունների վրա, մյուս կողմից՝ լռում են, երբ այսօր Փաշինյանը հատուկ միջոցներով շրջափակում է Կիրանցը ու կոնկրետ գործողություն անում, դա նշանակում է, որ բավարարված են։ 

– Այս գործընթացը կասեցնելու հնարավորություն տեսնո՞ւմ եք։

– Տավուշն արդեն անշրջելի է, Տավուշի հատվածում, ցավոք սրտի, չենք կարող այլևս ոչինչ փոխել, որովհետև ամսի 19-ին հստակ հայտարարել են, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, ու մինչև մայիսի 15-ն էլ դա պետք է փաստաթղթավորվի։ 

Բայց մենք պետք է Տավուշի դիմադրության շարժումը քաղաքական կապիտալացման ենթարկենք Երևանում, որովհետև լոկալ բողոքներով ոչնչի հասնել չենք կարող, ամենայն հարգանքով երևելի Բագրատ Սրբազանի ու մյուսների հանդեպ, որոնք կազմակերպել են այդ դիմադրությունը, որպեսզի գոնե կանխենք այս նվաստացուցիչ քաղաքականությունը մյուս սահմանային հատվածներում, որովհետև, օրինակ՝ Սյունիքում մեզ բացարձակ ողբերգական սցենար է սպասում, այն իմաստով, որ Ադրբեջանն այնտեղ լրիվ այլ հիմքեր է սեղանին դնելու, ու զիջումները շատ ավելի ցավոտ կարող են լինել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am