ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից Ուկրաինա, Թայվան և Հայաստան աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրություն կատարելու առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակում է արվել Փելոսիի որպես կոնգրեսական «Թվիթեր»-ի վերիֆիկացված միկրոբլոգում։
«1787 թվականին, Սահմանադրության օրը մեր հիմնադիրները ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրեցին ժողովրդավարությունը։ Մենք պաշտպանել ու պահպանել ենք այդ ընտրությունը սերունդների համար։ Հիմա Միացյալ Նահանգներից Ուկրանիա, Թայվան և Հայաստան աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրություն կատարելու առաջ, և մենք պետք է կրկին ընտրենք ժողովրդավարությունը»,- գրել է Փելոսին։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 17-ին պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Երևանում Փելոսին հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Փելոսին կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նենսի Փելոսին 2022 թվականի մայիսի 1-ին պաշտոնական այց էր կատարել Ուկրանիա, իսկ 2022 թվականի օգոստոսի 2-ին նա այցելել էր Թայվան։