«Ռեժիմնիկը, օպերը, կլյուչնիկը չպետք է հայտնվեն պրոբացիայի ծառայությունում իրենց բանտային մտածողությամբ». փորձագետ

«Մեդիալաբի» զրուցակիցն է քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանը

– Պարո՛ն Գասպարյան, այսօր Կառավարությունը որոշեց փակել երկու քրեակատարողական հիմնարկ՝ «Կոշը» և «Հրազդանը»: Կմեկնաբանե՞ք, սա արդյոք բարեփոխում է համարվում:

– Այո՛, եզակի որոշումներից է, որ կարելի է դրական համարել: Բանտային բարեփոխումների առաջնային անելիքն այն է, որ կարողանաս բանտերը բեռնաթափելու հաշվին դրանց թիվը կրճատել:

Բայց բանտերը փակելու արդյունքում մենք պետք է ոչ թե կառուցենք նոր բանտեր, այլ դրանցը թիվը պահել այնքան, որքան անհրաժեշտ է: Իսկ մեր երկրի համար երեք բանտը լիարժեք բավարար է, որ կարողանանք պահել մեր բանտարկյալներին:

Մյուս կողմից՝ այդ բանտարկյալներին պահելու համար մենք պետք է ունենանք դասակարգման համակարգ, որ ըստ նրա անվտանգության աստիճանի կարողանանք բաշխել քրեակատարողական հիմնարկներում: Բացի այդ, պետք է կարողանանք անել այնպես, որ այդ բանտերում աշխատողների թիվը չգերազանցի ազատազրկվածների թիվը, ինչն այսօր հաճախ է լինում: Նորմալ պայմաններում մեկ պրոֆեսիոնալ բանտային աշխատակիցը իր վերահսկողության տակ պետք է պահի երեք-չորս ազատազրկվածի:

– Այդ ՔԿՀ-ները փակելուն զուգահեռ կրճատվում է 280 աշխատակից, որոնց շրջանում, ըստ արդարադատության նախարարի՝ վեթինգ է իրականացվելու, և 70-ը գործուղվելու են այլ ՔԿՀ-ներ:

– Կարծում եմ՝ այդ «վեթինգ» բառը մի փոքր շահարկված է: Վեթինգի խնդիր չկա: Մենք պետք է կարողանանք հասկանալ, որ եթե արդարադատության նախարարության դեմքով մեր երկիրը քրեական արդարադատությունը պատժողականից տանում է դեպի վերականգնողական արդարադատություն, ապա ազատազրկման տեսքով խափանման միջոցները՝ կալանավորումները, պետք է նվազեն ի հաշիվ ազատազրկմանը այլընտրանք համարվող միջոցների կիրառման:

Սա իր հերթին ենթադրում է, որ այդ բանտերը փակվելու արդյունքում առաջացած հաստիքները ճիշտ ծրագրելու դեպքում պետք է փոխանցվեն պրոբացիայի ծառայությանը: Ինչո՞ւ: Որովհետև մեր երկրում վերականգնողական արդարադատության կոմպոնենտը դեռևս ապահովում է միմիայն պրոբացիայի ծառայությունը: 

Դեռևս, իհարկե, մենք չունենք համայնքային կենտրոններ անչափահասների ու երիտասարդների համար, դեռևս չունենք արտադատական լուծումների համակարգ: Իսկ եթե այս ամենը չունենք, մենք այսօր կախված ենք միայն պրոբացիայից, որը քրեական արդարադատության մեջ միակն է որպես վերականգնողական ինստիտուտ: 

Չգիտեմ՝ «վեթինգ» ասելով ինչ նկատի ունի նախարարը, բայց այս պարագայում պետք է մարդկային ռեսուրսների կառավարման, պատիժների կատարման ոլորտում մեծ փորձ ունեցող մարդկանց շնորհիվ ճիշտ պլանավորված կերպով պրոբացիայի ծառայողների թիվը համալրվի այդ փակվող գաղութների հաստիքների հաշվին:

Շեշտում եմ հաստիքը, որպեսզի բանտային նույն աշխատակիցը չգա պրոբացիայի ծառայություն, օրինակ՝ ռեժիմնիկը, որը անվտանգության ծառայության աշխատակից էր, օպերը, կլյուչնիկը չհայտնվեն պրոբացիայի ծառայությունում իր բանտային մտածողությամբ:

– Այսօր Կառավարության նիստին ասվեց, որ 50 կրճատված աշխատակից պետք է ուղարկվի պրոբացիայի ծառայություն:

– 50-ը բավական քիչ է: 2012-ին, երբ ստեղծում էինք պրոբացիայի ծառայության հայեցակարգը, մենք մատնանշել ենք պետությանը նաև այն ֆինանսական հաշվարկը, թե ինչպես պետք է 220 հոգանոց անձնակազմը վերահսկի 5000 շահառուի պրոբացիայի մեջ գտնվելու ժամանակ:

Մենք էս մասին ծրագիրը Կառավարությանը ներկայացրել ենք դեռևս 2013-14-ին: 

– Ի դեպ, ինչո՞ւ այդ ծրագիրը վերջնականապես չի ներդրվում: 

– Վերջին շրջանում ինչ-որ բաներ փոփոխվել են և՛ կադրերի որակի, և՛ թվի առումով, բայց դեռևս մեծ աշխատանք պետք է տանել համակարգային բարեփոխում անելու համար: Այս բանտային բարեփոխումը պետք է լինի առհասարակ պատիժների բարեփոխում, և մենք կարողանանք հասկանալ, թե ո՛ր պատժատեսակներն են, որ պետք է կատարի պրոբացիայի ծառայությունը, արդյոք դա պե՞տք է կատարի պրոբացիայի ծառայությունը, թե՞, օրինակ՝ հարկադիր կատարման ծառայությունը: 

Հայեցակարգային վերանայումներ պետք է արվեն՝ հասկանալու թե մինչև 2023 թվականը ու դրանից հետո ինչ պետք է արվի պատիժների հետ: Այդ ժամանակ կտեսնենք, թե ինչու են մեզ պետք փոքրաթիվ բանտեր, մեծաթիվ պրոբացիոն ծառայողներ, ինչպես ենք պատրաստում նրանց և այլն: 

Պրոբացիայի ծառայությունը պետք է անհապաղ հանել քաղծառայությունից՝ դարձնելով առանձին մարմին, որը կունենա առանձին ֆինանսական անկախություն, կունենա իր բյուջեն և չի նստի արդարադատության նախարարության աշխատակազմի վզին: Քաղծառայությունը չստացված ծառայություն է: Պրոբացիայի ծառայությունը իր անկախության հաշվին կունենա իր անձնակազմի ընդունելության կարգը: Միայն այդ դեպքում մենք կունենանք շատ ավելի պրոֆեսիոնալ կադրեր, քան հիմա քաղծառայության համակարգով է արվում:

– Այսօրվա նիստում վարչապետը մի միտք արտահայտեց, որ քրեակատարողական հիմնարկներն այսօր հանցագործներ են արտադրում: Դուք երկար տարիներ բանտային համակարգի մոնիթորինգ եք իրականացնում, ոլորտի փորձագետներից եք, համաձա՞յն եք այդ մտքին:

– Ես ուրախ եմ, որ հիմա վարչապետն այդ կարծիքին է, քանի որ 2019-ին իր ընտրվելու ժամանակ ԱԺ ամբիոնից լրիվ ուրիշ բաներ էր ասում: Լավ է, որ այսօր եկել է այն մտքին, որ բանտերը լավագույն տեղը չեն անձի սոցիալական վարքագիծ դրսևորելու համար: Սա համաշխարհային ընդունված միտք է, այո, քրեակատարողական հիմնարկները ավելի շատ հանցագործ են դարձնում, քան շտկում են մարդուն:

Հենց սա է նաև պատճառը, որ 200 տարի առաջվանից սկսեց գործել ազատազրկմանն այլընտրանք՝ հասարակությունում պատիժ կրելու ինստիտուտը, որն անվանում են պրոբացիայի ծառայություն: Բայց դա չի նշանակում, որ երկիրը չպետք է բանտեր ունենա: Այլ բան է, որ այդ բանտերը պետք է կառավարելի լինեն:

Մենք այսօր Հայաստանում բանտի կառավարման հետ կապված խնդիրներ ունենք՝ մահացության դեպքեր, ինքնասպանության, ինքնավնասման դեպքեր: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am