Մեկ շաբաթում Արցախում առանց վարորդական վկայականի 24 վարորդ է հայտնաբերվել, 13-ը եղել է անսթափ վիճակում

Ապրիլի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 61 հաղորդում:

Ըստ Արցախի ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 11 հաղորդում, որից 10-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Բռնություն գործադրելու մեկ դեպք արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ:

Սպանություն դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:
Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժիրայր Ենգիբարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Շաբաթվա ընթացքում բացահայտվել է խարդախության, գողության և ապօրինի ծառահատման երկուական դեպք:

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 և նախկինում կատարված մեկ հանցագործության դեպք:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, որից 17-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական, բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։

Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 24 վարորդ, 13 եղել է անսթափ վիճակում, 196 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

ՆԳՆ բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն, դրան զուգահեռ իրականացնում շուրջօրյա համակարգված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարում։