Պետք է ունենալ տարբեր սցենարներ՝ արձագանքելու բոլոր հնարավոր զարգացումներին. Փարձագետը՝ Իրանում ստեղծված իրավիճակի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտգործնախարարի և նրանց ուղեկցող անձնակազմի զոհվելու փաստը տարաբնույթ ենթադրությունների և վարկածների առիթ է հանդիսացել: Ի՞նչ իրավիճակի ենք ականտես լինում:

– Բնականաբար, պետք է հղում կատարել պաշտոնական աղբյուրներին, ըստ որոնց տեղի ունեցած ողբերգական պատահարի պատճառներն ամբողջովին պարզված չեն, պետք է տեղի ունենա ամբողջական քննություն, որի արդյունքներով էլ արդեն իսկ պարզ կլինի տեղի ունեցածի պատճառը։ 

Միաժամանակ պետք է նշել, որ, հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ իրավիճակում են գտնվում մերօրյա աշխարհը, տարածաշրջանը, այս ցավալի լուրի տարածման առաջին իսկ պահից մենք ականատես եղանք տարբեր դերակատարների, հատկապես հակաիրանական դերակատարների կողմից լրջագույն քարոզչական գրոհների, որոնք փորձում էին ստեղծված իրավիճակն օգտագործել իրենց շահերի տիրույթում, որն այս պահին Իրանում որոշակի ապակայունության խթանումն էր։ 

Օրինակ՝ նշվում էր, թե Իրանի իշխանությունները զինված ուժեր են տեղակայում տարբեր քաղաքներում՝ բնակչության հնարավոր ընդվզումները ճնշելու համար։ Խոսքը, իհարկե, առաջին հերթին իսրայելական լրատվամիջոցների, տեղեկատվական խմբերի մասին է, որոնք նման տեղեկություն են տարածում։ 

Մյուս կարևոր հանգամանքն այն էր, որ դարձյալ տեղեկություն էր տարածվում այն մասին, որ գործողությունն իրականացվել է, օրինակ՝ Իսրայելի ռազմավարական գործընկեր Ադրբեջանի տարածքում: Բնականաբար, նման գործողության հնարավորությունը առկա է, հաշվի առնելով տևական ժամանակ իսրայելական լայն ներկայությունը Ադրբեջանում ու հատկապես 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում, որոնք անմիջապես սահմանակից են Իրանին։ 

Հատկապես հաշվի էր առնվում հանգամանքը, որ ցավալի միջադեպը տեղի էր ունեցել սահմանից 30-40 կմ հեռավորության վրա։ Այսինքն՝ մի շարք իրողություններ օգտագործելով՝ քարոզչական թեզեր էին շրջանառվում, որոնց միջոցով փորձում էին թիրախավորել Իրանին։ 

Հետաքրքիր քարոզչական մի ուղղություն ևս զարգացվեց, երբ ռուսական լրատվամիջոցների կողմից տեղեկություն տարածվեց այն մասին, թե իբր Ռայիսին Ադրբեջան է մեկնել այն օրը, երբ ծրագրված էր այց Հայաստան, ու Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ այդ այցը չեղարկվել էր ու տեղի էր ունեցել Ադրբեջան։ 

Բնականաբար, դավադրապաշտական տեսությունների կողմնակիցների համար շատ հարմար տեղեկատվական նյութ էր սա՝ իրենց քարոզչությունն իրականացնելու համար։ Չնայած դեռ չկա պաշտոնական վարկածը, բայց տարբեր դերակատարներ իրենց քարոզչական նպատակներով փորձել են իրավիճակն օգտագործել ու, վստահաբար, նաև փորձելու են առաջիկայում՝ մինչև Իրանում նոր ընտրությունները, ազդել ներիրանյան իրավիճակի վրա՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը Իրանում։

– Կկարողանա՞ն։

– Դժվար է ասել, այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի առնենք, թե ինչպիսի իրավիճակում ենք գտնվում, երբ զարգացումները շատ արագ են տեղի ունենում, ու շատ մեծ է գործընթացների անկանխատեսելիությունը։ Այս պարագայում միանշանակ գնահատական տալը բավականաչափ բարդ է, բայց այն, որ փորձեր արվելու են ազդել այս իրավիճակի վրա, միանշանակ է, քանի որ Իսրայելը ռազմավարական խնդիր ունի Իրանը տևական անկայունության մեջ ներքաշելու, ես կարծում եմ, որ ցանկացած առիթ օգտագործելու է դրա համար։ Օրինակ՝ հուղարկավորության արարողություններ են տեղի ունենալու, ու հնարավոր է՝ ինչ-որ ահաբեկչական գործողություններ պլանավորեն, այսինքն՝ ամեն ինչ հնարավոր է։ 

Եթե ամբողջական ասեմ՝ իրավիճակը բավականաչափ անորոշ է, ու չնայած Իրանն ունի մեծ պետականության հարուստ ավանդույթ, ու նաև կառավարման համակարգը բավականաչափ ճկուն է նման մարտահրավերների դիմագրավելու համար, այնուամենայնիվ, աշխարհում ու տարածաշրջանում եղած իրավիճակը միանշանակ կանխատեսումների հնարավորություն չի տալիս։

– Իսկ տարածաշրջանի համար հնարավոր հետևանքներ ունենալո՞ւ է այս դեպքը, զարգացումները, պարո՛ն Պետրոսյան։

– Այս պահին՝ ոչ, բայց, իհարկե, եթե զարգացումներն ընթանան Իրանի համար ոչ դրական սցենարով, այսինքն՝ եթե փորձ արվի ոչ բարեկամական դերակատարների կողմից Իրանն ապակայունացնել, ապա, բնականաբար, տարածաշրջանի համար որոշակի ազդեցություն կարող է լինել: 

Կարող է, իհարկե, ազդեցություն ունենալ այն բոլոր խնդիրների վրա, որոնցում Իրանն ունի ներգրավվածություն, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական նախագիծը չեզոքացնելուն միտված պրոցեսների մասով։ Պետք է համակ ուշադրությամբ հետևել գործընթացներին ու ունենալ տարբեր սցենարներ՝ արձագանքելու բոլոր հնարավոր զարգացումներին։

– Այսինքն՝ հնարավո՞ր է, որ պայմանավորված անկայուն իրավիճակով՝ Իրանը չկարողանա տարածաշրջանում իր կարմիր գծերն առաջ տանել։

– Իհարկե, եթե ներքաղաքական որոշակի ճգնաժամ հասունանա՝ միանշանակ։ Այստեղ կարևորը տարածաշրջանային ու գլոբալ առկա անկայունությունն է, ու ցանկացած միջադեպ, տեսեք, ողբերգական պատահար է, չէ՞, Իրանում տեղի ունեցածը, բայց ահռելի քարոզչական ռեսուրսներ են կենտրոնացրել այդ թեման շահարկելու համար։ 

– Բացի պաշտոնական տեղեկատվությունից՝ Իրանում կա՞ն դեպքի հետ կապված այլ քննարկումներ, վարկածներ։

– Ո՛չ, առաժմ գերակշռում է այն վարկածը, որ եղանակային պայմաններով է պայմանավորված եղել վթարը, պարզապես տարբեր փորձագետներ նաև չեն բացառել, որ կարող է արտաքին ուժերի ներգրավվածություն լինել՝ ի դեմս իսրայելական հետախուզության, հաշվի առնելով աշխարհագրական այն տեղանքը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, ու հանգամանքը, որ այն տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո։

– Փաստորեն, ադրբեջանական կողմը և՞ս մտահոգությունների, անհանգստությունների առիթ ունի։

– Բնականաբար, բայց այս պահին գերակշռող վարկածը վթարն է, այլ ոչ թե հարձակումը, բայց, իհարկե, ադրբեջանական կողմը պետք է պատրաստ լինի նաև այլ մեկնաբանությունների, ու, ընդ որում՝ չի բացառվում, որ նախօրեին Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարության մակարդակով այդ արագ արձագանքը միջադեպին հենց դրա հետևանքն էր։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am