Հանցավոր անգործություն է Խոջալուի դեպքերի հետ կապված Ալիևի կեղտոտ ու սուտ հայտարարություններին չհակադարձելը. Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում է դիվանագիտական կորպուսի բյուջեի կատարողականը, այդ ընթացքում իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը ասաց, որ «Խոջալուի մասին խոսում են ՀԱԿ-ը, Դաշնակցությունը և Ալիևը։ Ալիևի խոսափող են այստեղ Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը»։ Այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում, ու ինչի՞ մասին էր ձեր կուսակցության տարածած հայտարարությունը, որը նման ընկալման է արժանացել։

– Հայտարարությունը անգրագիտության մաստեր կլաս եմ գնահատում անձամբ։ Մի պետություն, որի հետ մենք կոնֆլիկտի մեջ ենք եղել, այսօր Հայաստանին մեղադրում է ծանր հանցագործության համար։ Պատրաստ եմ այդ անձնավորությանը բացատրել, թե մեղադրանքն ինչի մասին է․ Խոջալու գյուղի բնակիչների տարհանման ժամանակ խաղաղ բնակիչներին այդտեղ եղած բլուրի տակ գնդակահարել են։ 

Ադրբեջանը տարիներ ի վեր Հայաստանին մեղադրում է Խոջալուում կատարված ծանր հանցագործության կամ, ինչպես իրենք են սիրում ասել՝ ցեղասպանության համար։ Այն, որ դրա կատարողը Հայաստանը չէ, կա հսկայածավալ փաստագրական բազա, որը հրապարակվել է, ընդամենը վերջերս հրապարակվել է նաև Անժելա Էլիբեգովայի ու Արմինե Ադիբեկյանի փաստահավաք ժողովածուն, ու շատ կարևոր են նաև այն հղումները, որոնք մենք մեր հայտարարության մեջ էինք զետեղել։ 

Ամենակարևորը Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցն է, որում Մութալիբովը բացահայտել է Խոջալուում տեղի ունեցածը։ Սա առնվազն բավարար էր, որպեսզի Հայաստանը կոշտ արձագանքեր այդ մեղադրանքին, ինչպես մշտապես եղել է Խոջալուի դեպքերից հետո մինչև երեկ չէ առաջին օրը, երբ Հայաստանում մշտապես ադրբեջանական կողմին հակադարձել են այդ կեղտոտ, անամոթ ստի համար։ 

Մեր հայտարարությունը հենց դրա մասին էր, որ հանցավոր անգործություն է չհակադարձելը, չպատասխանելը։ Ցանկացած հայամետ իշխանության, այդ թվում նաև՝ արտգործնախարարի առաջին գործը պետք է լիներ հակադարձել Ալիևի կեղտոտ ու սուտ հայտարարություններին՝ առավելևս Խոջալուի դեպքերի հետ կապված։   

– Իսկ իշխանությունն ինչո՞ւ չի հակադարձում, մի բան էլ հակադարձողներին «Ալիևի խոսափող» է անվանում։

– Որովհետև այս իշխանությունը դադարել է այլևս Հայաստանի ու նրա ժողովրդի շահերը ներկայացնել ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակում։ Սա զիջողական, հանձնվողական, նվաստացված մի իշխանություն է, որը կատարում է Ալիևի պահանջները: Չեմ զարմանա, որ իրենք դառնան Ալիևի խոսափողը ու նույն հռետորաբանությամբ հանդես գան հետագայում, եթե այս ընթացքով գնան։ Այն, որ ինքը չի հասկանում Խոջալուի խնդրից ընդհանրապես, անգրագիտություն է, իսկ մեզ «Ալիևի խոսափող» դարձնելը՝ տգիտության մաստեր կլաս։

– Պարո՛ն Խաչատրյան, նույն պատգամավորը, շնորհակալություն հայտնելով Միրզոյանին կատարած աշխատանքի համար, մասնավորապես ասաց հետևյալը. «Վերջապես Հայաստանն ունի դիվանագիտություն, վերջապես Հայաստանը կցորդ չէ ու վարում է իր անկախ պետության հարաբերությունները, ու դա ակնհայտ է, պարո՛ն Միրզոյան, ու ձեր կատարած աշխատանքը միայն կույրը չի տեսնի»։ Արարատ Միրզոյանի վարած դիվանագիտական աշխատանքի ձեր գնահատականը ո՞րն է։

– Ես չգիտեմ, թե նա ո՛ր պետության շահերի մասին է խոսում, բայց քանի որ, արդեն ասացի, դադարել են Հայաստանի պետական շահերը ներկայացնել ու պաշտպանել, այդ արտահայտությունը մեկ այլ պետության շահերի պաշտպանության համար, այո՛, իսկապես նպաստավոր եղել է։ Հայաստանի պետական շահից բխող որևէ նպաստավոր, որևէ արդյունավետ քայլ չի արվել։ 

Ինչ վերաբերում է նախկին 30 տարիներին, անգրագիտության, տգիտության ու չիմացության մաստեր կլաս, ուղղակի չգիտեն, ուղղակի չեն տիրապետում այն պետության պատմությանը, ձեռքբերումներին, արդյունքներին, որի իշխող ուժն են այսօր հանդիսանում։ Մի քիչ էլ ամոթի պակաս ունեն, մի քիչ չէ․ իրենք եկան ու հեսա թվագրությունը կփոխվի՝ ՔՊ-ից՝ առաջ այսինչ թվական, ՔՊ-ից հետո՝ այսինչ թվական։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am