«Իշխանությունն ամեն օր մնալով՝ նոր պառակտումների դաշտ է բացելու. հանուն ապագայի հեռացումը պետք է տեղի ունենա». Թևան Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Թևան Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, Հայաստանում ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետի հրաժարականը, բայց Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կադրային փոփոխություններ է իրականացնում։ Ի՞նչ սպասել այս փոփոխություններից։

– Մենք պետք է հասկանանք՝ ինչ է մեզ պետք փոխել։ Արդյոք մեզ պետք է փոխել, օրինակ՝ կրթության կամ այլ համակարգի բացթողումնե՞րը, թե՞ պետք է փոխենք բարոյահոգեբանական իրավիճակը, որ մտածենք ապրելու, առաջ գնալու մասին՝ համաձայն միասնության։

Շատ ուրախ կլինեի, որ այդ նոր նախարարները, որոնք գալիս են, ոչ միայն նրանց կարիքը լիներ նրա համար, որ անհնար է հասկանալ, որ Շոյգուն գալիս է Հայաստան, ու չկա պաշտպանության նախարար, կամ Լավրովը գալիս է, չկա արտաքին գործերի նախարար, ում հետ կհանդիպեն ու հարցեր կքննարկեն։

Դրա համար այս երկու նախարարություններում արագ փոփոխությունները միգուցե հասկանանք։

Մնացած բոլոր տեղերում փոփոխությունները բխո՞ւմ են նրանից, թե ինչ քաղաքականություն են նրանք վարելու։ Մեզ քաղաքականություն փոխելու փոփոխություններ են պետք։

Մեր ամբողջ խնդիրն այն է, որ նախկինում վարվող քաղաքականությունը մեզ պառակտում էր, միտված չէր անվտանգության հարցերի ճիշտ ընկալումներին, և ունեցանք այն, ինչ ունեցանք։

Եվ պարտությունից դուրս գալու համար մեզ նոր շունչ է պետք՝ նոր հայացքներով։ Մենք ժամանակին ունեցել ենք խնդիրներ, և այդ նույն ժամանակի մտածելակերպով անհնար է այս սխալներն ուղղել, պետք է նոր մտածելակերպ ձևավորվի։

– Ինչպե՞ս։

– Իմ պատկերացմամբ՝ մենք չպետք է պարզապես մարդ փոխելու խնդիր դնենք։ Մենք պետք է գտնենք ոլորտային ճգնաժամերը կառավարող մասնագետներ։ Եվ այդ փնտրտուքը պետք է լինի ոչ միայն Հայաստանում, այլև 10 միլիոնանոց համայն հայության մեջ։

Մենք պետք է կարողանանք մեր դրած մի քանի օրենքներից վեր կանգնենք, որոնք արգելքներ են սահմանում քաղաքացիության պատճառով։ Պետք է օգտագործենք համայն հայության ներուժը։

Այսօրվա կառավարությունը պետք է գնա՝ նոր շունչ բացելու, նոր հույսի պատուհան բացելու, ճգնաժամերի ճիշտ կառավարիչներ փնտրելու ոլորտային պատասխանատուների համար և նոր՝ դեպի ազգային միասնություն տանող քաղաքականություն որոշի։

Եվ դրա համար նաև շատ կարևոր է, որ կարողանանք ընկալել, որ պետք չէ միայն անդրադառնանք հարցին՝ բա ո՞վ է այդ գործն անելու։

Մենք 10 միլիոնի մեջ բոլորին ճանաչո՞ւմ ենք, թե՞ պատկերացնում ենք, որ այդ 10 միլիոնի մեջ այլևս չկա որևէ մեկը, ով կկարողանա անել։

Եկեք չափանիշներով դիտարկենք, այն անցումային ժամանակահատվածի համար, որից հետո կկազմակերպենք ընտրություններ։ Որպեսզի այս ամենը տեղի ունենա, առաջին քայլը հեռանալն է։

Գործող իշխանությունը, անձնավորված չեմ ասում, բայց գործադիր մարմինն ամբողջովին պետք է հեռանան։

– Ընդդիմադիրներն ասում են՝ նոր բանակցող հենց հիմա է պետք, որպեսզի ինչ-որ բան հնարավոր լինի փոխել այս փուլում, թեկուզ Արցախի հարցում հայանպաստ որևէ լուծման հասնել։ Դուք ի՞նչ եք կարծում՝ արդեն ստորագրված եռակողմ փաստաթղթում հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել։

– Այո, ճիշտ է դա։ Մենք պետք է մի բան գիտակցենք, երբ ասում են՝ բանակցություններ, դա չի նշանակում, որ դա ընդամենը մեկ օրվա խնդիր է։

Շատ բաներ կարելի է փոխել, բաներ կան, որոնք պետք է կատարվեն, և դա մեր միջազգային գործընկերները մեկ անգամ չէ, որ մեզ ասում են։ Հատկապես մենք պետք է հասկանանք, որ մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է, որը մեծ ջանքեր է ներդրել։

Մենք իրավունք չունենք նրանց ծանր վիճակում դնել, հակառակը՝ նրանց հետ համատեղ պետք է անենք։ Բայց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին շնորհակալություն հայտնելուց բացի, մենք պետք է հասկանանք, որ նրանց հետ միասին պետք է կարողանանք հաջորդ խնդրի հանդեպ ճիշտ մոտեցում ցուցաբերել։

Երբ նրանք ասում են, որ, այնուամենայնիվ, Արցախի ապագա ճակատագիրը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, դա նշանակում է, որ այստեղ էլ մենք պետք է կարողանանք մեկ դաշտում նրանց հետ միասին քայլել։

Եվ այստեղ է շատ կարևոր, որ նոր բանակցողը գա, որովհետև այն մյուս կողմից, միևնույն է, լինելու է Ալիևը։ Եվ հենց այստեղ է, որ նոր բանակցողը կարող է նոր շունչ բերել, ինչը շատ պարտադիր է։

– Արցախի ճանաչման հարցում կարծես Արևմուտքում գործընթացներ են նկատվում՝ Ֆրանսիայի Սենատն օրերս քննարկելու է Արցախի ճանաչման բանաձևի նախագիծը։ Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ի կողմից ևս ճանաչում լինի, և ի՞նչ կփոխի դա ստեղծված իրավիճակում։

– Ա՛յ երբ այդ նոր երևույթները լինեն, այդ ժամանակ նոր կարող ենք խոսել դրա մասին։ Նույն մակարդակի վրա հիշենք նաև մեր ռազմավարական դաշնակցի՝ Պուտինի ասածը, երբ նա ասաց՝ «եթե Հայաստանը չի ճանաչել Արցախը, ես ինչ անեմ»։

Հասկանում ենք, որ պետք է գան նոր մարդիկ, որոնք կկարողանան մեր գործընկերների և հատկապես մեր ռազմավարական դաշնակցի հետ համատեղ այդ ուղղությամբ ջանքեր դնել։

Պետք է համատեղ մեր ազգային վերածննդի համար ջանքեր դնել, համատեղ կարողանանք ճգնաժամի կառավարիչների հետ ճիշտ քաղաքականությունը առաջ տանել, և դաշտ ձևավորվի, որտեղ ապագայում ինչ-որ ժամանակ հետո մենք կունենանք նոր՝ մեր օրենքներին համապատասխան լեգիտիմ իշխանություն ձևավորելու հնարավորություն։

– Ամեն դեպքում Արևմուտքից ճանաչման հարցով մեսիջներ կա՞ն։

– Քաղաքների մակարդակով ամեն օր ինչ-որ բան ասում են, Ֆրանսիայում ինչ-որ գործընթաց կա, բայց բա որ տեղ չհասավ։ Դրա համար մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, ամեն օր աշխատենք։

Բայց եթե նույնիսկ այսօր մի երկիր վեր կացավ ու ասաց՝ ճանաչում եմ Արցախի անկախությունը, ասելո՞ւ է, թե որ սահմաններով։

Այստեղ է գալիս խնդիրը, որ մենք պետք է շատ ճիշտ ու նուրբ աշխատանք վարենք, և հենց դրա համար էլ է նոր շունչ պետք։ Նորը կարող է մի մոտեցում բերել, որը հների աչքին չի երևալու կամ տեղ չեն ունենալու խոսելու։

Այնպես որ, պետք է գիտակցել, որ այդ հույսը՝ նորովի մոտենալու, ինչ-որ բան ապագայում փոխելու համար այսօր մեր ամենակարևորն առաջին քայլն է, որ գործող կառավարությունը պետք է գիտակցված բացի դեպի ազգային միասնություն այդ դուռն ու պատուհանը։

Դրա համար ոչ թե դեկորատիվ փոփոխություն պետք է լինի, այլ ռեալ մոտեցում։ Իսկ դա նրանք պետք է անեն շատ արագ՝ պարզապես գիտակցելով, հանուն ապագայի այդ հեռացումը պետք է տեղի ունենա։

Այսօրվա իշխանությունն ամեն օր մնալով՝ նոր պառակտումների դաշտ է բացելու։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am