Հայաստանի պատասխանը Ռուսաստանին․ Ռուս վարորդները չեն կարող Հայաստանում տաքսի վարել

Հայաստանի պատասխանը Ռուսաստանին․ Ռուս վարորդները չեն կարող Հայաստանում տաքսի վարել
Հայաստանի պատասխանը Ռուսաստանին․ Ռուս վարորդները չեն կարող Հայաստանում տաքսի վարել

Ազգային ժողովը քննարկում  է Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին և հարակից օրենքներում կատարված փոփոխությունների փաթեթը, ըստ որի՝ ՀՀ-ում ՌԴ վարորդական վկայականները կճանաչվեն, եթե ապահովվի փոխադարձության սկզբունքը։

Ըստ նախագծի՝ կարգելվի ՀՀ-ում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և կամ աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա, ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ՝ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ ըստ նախագծի՝ ԵՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։

«Այսինքն՝ եթե Ռուսաստանի Դաշնությունում մեր կողմից տրված տրանպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաև ՌԴ քաղաքացիներին»,- պարզաբանեց Քոչարյանը։

Ըստ նրա՝ եթե Ռուսաստանն իր օրենսդրությունը կհամապատասխանեցնի ԵՏՄ օրենսդրությանը, Հայաստանն էլ նույնը կանի։

«Այս օրենքի ընդունումից ռուսական վարորդական իրավունքի վկայականով կարգելվի Հայաստանում տաքսի վարելը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ Ռուսաստանում հայ վարորդները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և կամ աշխատանքային գործունեություն ծավալել։ Հարցը հայկական կողմից պարբերաբար բարձրացնում է, բայց լուծում չի տրվում։