Շուտով Երևանում իրանական առևտրի տուն կբացվի. Հայաստանը մտադիր է համանման կենտրոն ունենալ Թեհրանում

Շուտով Երևանում բացվելու է իրանական առևտրի տուն, աշխատանքներ են ընթանում նաև Թեհրանում հայկական համանման կենտրոն հիմնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ես նշեցի պղնձի կատոդի գործարանի մասին: Ունենք նաև այլ նախագծեր, որոնց մասին հիմա չեմ բարձրաձայնի, որովհետև դրանք ակտիվ քննարկման փուլում են, իսկ կատոդի գործարանի դեպքում արդեն ունենք կոնկրետ գործընթաց: Կարծում եմ՝ նման եղանակով պետք է կարողանանք ավելացնել մեր հետագա շրջանառությունը (նկատի ունի Իրանի հետ – խմբագր.): Պետք է այստեղ արտադրենք և արտահանենք: Նաև Երևանում շուտով բացվելու է Իրանի առևտրի տուն: Իրանցիներն էլ շահագրգռված են, որ հայկական առևտրի տուն բացվի Թեհրանում: Հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք մեր բիզնեսի հետ: Այնտեղ պետք է լինեն գնային առումով մրցունակ և իրանցիների համար հետաքրքիր ապրանքներ: Այս առումով նաև խորը մարքեթինգային հետազոտություններ են անհրաժեշտ: Հենց այդ ապրանքացանկը և հետաքրքրությունը ձևավորվի, կարծում եմ, հայկական և իրանական պետություններն ունեն այդ քաղաքական կամքը և կարող ենք աջակցել այդ առևտրի տան բացմանը»,- նշեց էկոնոմիկայի նախարարը:

Նա հավելեց, որ Իրանը երկար տարիներ գտնվելով պատժամիջոցների ներքո՝ ունեցած հանքահումքային հարուստ ռեսուրսների շնորհիվ կարողացել է իր տնտեսությունը զարգացնել այնպես, որ այնտեղ արտադրվող շատ ապրանքների ինքնարժեքը շատ ցածր է: Այդ պարագայում, ըստ նախարարի, շատ դժվար է ստանդարտ ապրանքներով մուտք գործել իրանական շուկա և մրցակցել այնտեղ: Ըստ Գևորգ Պապոյանի՝ Իրանը հետաքրքրված է միայն այն ապրանքներով, որոնք այնտեղ չեն արտադրվում: