Բետոնի պատրաստման նոր եղանակը նոր խոսք է շինարարության բնագավառում, որը հետաքրքիր և տնտեսապես շահավետ լուծումների հնարավորություն է ստեղծում շինարարների համար։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) (ՇԱՏԿ) ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանի այս գյուտը IFIA NV կարգավիճակ ունեցող գյուտարարների երրորդ միջազգային ցուցահանդես-մրցույթում արժանացել է ոսկե սերտիֆիկատի։
«Այս գյուտի էությունն առանց ավազի բետոնի պատրաստման եղանակն է, որի արդյունքում ստացվում է նոր տեսակի թեթև բետոն, որն ունի ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ հատկություններ։ Ըստ էության, բետոնախառնիչի թմբուկի պտտման ժամանակ խճի թույլ ծայրերը վեր են ածվում ավազի․ որքան երկար ժամանակ պտտվի թմբուկը, այդքան ավազը կավելանա՝ ի հաշիվ խճի մակերևույթի մաշեցման։ Պտտման ընթացքում առաջացած փոշեմասնիկները փակում են խճի մակերևույթի վրայի ծակոտիները՝ պահպանելով ներսի ծակոտիների բնականոն վիճակը: Այս տեսակի բետոնը օգտագործվում է մասնավորապես շենքի արտաքին պատերի կոնստրուկցիաներում»,-պարզաբանել է գյուտի հեղինակ Վարդգես Գրիգորյանը։
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հայ գիտնականի մտքի արգասիքը կիրառական կլինի ոչ միայն Հայասատանի, այլև աշխարհի շինարարների կողմից, քանի որ էներգիայի խնայողության հարցը գերխնդիր է դարձել անգամ զարգացած երկրներում։ Շինարարների գնահատմամբ՝ շենքերի ջերմամեկուսացման առաջնահերթ խնդրի լուծման համար այս բետոնի կիրառությունը բավականին արդյունավետ հնարավորություններ կստեղծի՝ կրճատելով ջերմային կորուստներ:
FIAI կողմից կազմակերպված IFIA NV կարգավիճակ ունեցող գյուտարարների երրորդ միջազգային գյուտերի և նորարարությունների մրցույթը կայացել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ առցանց եղանակով։
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում օրերս կայացած նույն միջազգային մրցույթում պարզ է դարձել, որ ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորի կողմից դեռևս 2000-ականներին ստեղծած «Երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը շաղախի մղման եղանակով» գյուտը, որը գործնականում կիրառվել է երկրաշարժի գոտում վնասված շենքերի վերականգման ու նաև երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստման համար, արժանացել է արծաթե մեդալի։
Հայաստանը՝ ի դեմս ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, 2023թ-ի գարնանը անդամակցել է IFIA-ին՝ որպես լիիրավ անդամ։ «IFIA-ի հայաստանյան ներկայացուցչությունն արդեն իսկ ստացել է մի շարք գիտական առաջարկներ, որոնք ուսումնասիրության փուլում են։ Ըստ ամենայնի՝ այս կազմակերպությունը կարող է դառնալ ամուր հարթակ հայաստանյան գիտական ներուժի զարգացման համար։
Գիտության զարգացումը և համալսարանում գիտահետազոտական աշխատանքների ակտիվացումը ՃՇՀԱՀ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է և գտնվում է համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուշադրության կենտրոնում։ Այդ նպատակով անընդմեջ արդիականացվում են լաբորատոր սարքավորումները, ընդլայնվում են համագործակցությունները՝ նոր կապեր հաստատելով միջազգային գիտական մտքի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։