Ընդդիմությունը պետք է մարդկանց բողոքը գեներացնի, դարձնի նորմալ քաղաքական գործընթաց, ոչ թե տանի բախման. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, Քննչական կոմիտեից հաղորդվում է, որ 11 անձ ձերբակալվել է հիմնավոր կասկածով, խուզարկություններ են ընթանում տարբեր գրասենյակներում։ Ընդդիմության ներկայացուցիչներն ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ասում են, որ սա ուղիղ Նիկոլ Փաշինյանի հրահանգն է, որ այս կերպ փորձում են շարժման աջակիցներին վախեցնել։ Ձեր գնահատականը ո՞րն է կատարվողի վերաբերյալ։

– Այն, ինչ կատարում է կառավարող խմբակը, նորություն չէ, ավտորիտար տենդենց ունեցող իշխանությունները հենց այդպես էլ վարվում են, նրանք փորձում են ցանկացած լծակ կիրառել, որպեսզի մարդկանց վախեցնեն, կոտրեն իրենց դեմ գնալու որևէ գործողություն անելու ցանկությունը։ Սա շատ կանխատեսելի էր, դրանում մեղադրել Նիկոլ Փաշինյանին նույն է, թե Ալիևին մեղադրել, որ նա ուզում է մեզ ոչնչացնել, նա դա չի թաքցրել։ 

Ընդդիմության առաջնորդները նույնպես պատասխանատվություն են կրում այս ամենի համար, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ այսպես էր լինելու, հետևաբար, երբ մարդկանց հավաքում, տանում են բախման, պարզ է, որ այդպես էր լինելու։ Այսինքն՝ երկուսն էլ իրար արժեն, մեկը հստակ գիտեր, թե ինչ պիտի արվեր ու արել է, մեկը հստակ գիտեր՝ ինչ չպետք է աներ ու արել է, ի հետևանք տուժել են քաղաքացիներ։

– Ձեր գնահատմամբ՝ այդ բախումները նաև ընդդիմությունն է հրահրե՞լ։

– Այո՛, 30 տարի է ընդդիմությունը մարդկանց հավաքում, տանում է բախման, խնդիրն էլ չի լուծվում, Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, որ այդ բախումների հետևանքով իշխանություն փոխվի։ Իշխանությունը փոխվում է այլ տրամաբանությամբ, ոչ թե մարդ հավաքելով ու բախումներով։ 

Անգամ Նիկոլ Փաշինյանը, երբ Բաղրամյանում բախումներ եղան, սադրեց, որ ձեռքին իբր սրտիկ էր եղել, մինչև վերջ էլ դա դրոշակ էր սարքել: Անգամ դրա արդյունքում իշխանություն չփոխվեց, փոխվեց այլ տրամաբանությամբ, երբ իշխանությունը չկարողացավ իր ֆունկցիոնալ գործառույթը կատարել։ Երբ ընդդիմությունը հասնի նման իրավիճակի, իշխանությունը կհանձնվի, բայց դա բախում չէ։ Բախման ժամանակ իշխանությունը միշտ ուժեղ է ու պատրաստ, նրանք զինված են, ոստիկանություն ունեն, ոստիկաններն էլ դրա համար աշխատավարձ են ստանում։ Ընդդիմությունը պետք է մարդկանց բողոքը գեներացնի, դարձնի նորմալ քաղաքական գործընթաց, ոչ թե տանի բախման, երկուսն էլ պատասխանատու են այս ամենի համար։

– Պարո՛ն Սահակյան, որ ասում եք՝ կանխատեսելի էր իշխանության նման գործելաոճը, երբվանի՞ց դա կանխատեսելի դարձավ, որովհետև իշխանությունը 2018-ին բոլորովին այլ խոստումներով ու գաղափարներով էր հանդես գալիս։

– Երբ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն, ու դրանից հետո տեղի չունեցավ որևէ համակարգային փոփոխություն, արդեն ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է նման գործողությունների։ Ես 2019 թվականին արդեն իմ հանրային ելույթներում ասել եմ, որ այս ընդդիմությունը ստիպելու է Նիկոլ Փաշինյանին, որ ինքն ավելի շատ մարդ սպանի, դեռ պատերազմն էլ չէր եղել: Ես չգիտեի, որ Նիկոլը սառնասրտորեն 4-5 հազար մարդու գլուխ է ուտելու, բայց անգամ այդ դեպքում այս ընդդիմությունն այնքան ապիկար է, որ չկարողացավ իշխանություն խլել Նիկոլից, հիմա ո՞նց է խլելու, երբ բավականին ուժեղ է, ավտորիտար տենդենցը շատ ակնհայտ դրսևորվում է։ 

Նա ասում է՝ մենք մնալու ենք տարածաշրջանային զարգացումների տրամաբանության մեջ, իսկ ո՞րն է այդ զարգացումը՝ «3+2»-ն է, որտեղ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն են, իսկ սրանք ավտորիտար երկրներ են, որոնք թքած ունեն մարդկանց իրավունքների վրա։ Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի է այդ քաղաքական վարքը, ու նա տալու է սպանի, ոստիկանությունը դառնալու է բութ, պատժիչ գործիք ու ջարդելու է, սա շատ ակնհայտ է։ 

Իսկ այն մարդիկ, որոնք հիմա զբաղված են ընդդիմադիր գործունեությամբ, շատ լավ հասկանում են սա, հետևաբար հարց է առաջանում. բա ինչո՞ւ են մարդկանց տանում բախման, ուրեմն իրենց էլ է պետք այս ամենը՝ ինչ-ինչ նպատակներից ելնելով։ Միանշանակ է, որ իրենք չեն ուզում իշխանությունը խլել Նիկոլ Փաշինյանից, եթե ուզեին՝ այսպես չէին անելու, ուրիշ բան կանեին, օրինակ՝ Բագրատ Սրբազանին չէին ընտրի իրենց առաջնորդ, որը Սահմանադրության հետ կապված խնդիր ունի։ 

– Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ հունիսի 12-ից հետո իրենք հասկացան, թե ում հետ գործ ունեն, ու շարժման մարտավարությունը փոխելու են, փողոցի պայքարն էլ նույն ձևով չի լինելու, ու շարժումը հաջողելու է։ Կհաջողվի՞ ի վերջո շարժմանը հասնել իշխանության հեռացմանը։

– Շարժումն արդեն ձախողվել է ու չի կարող հաջողության հասնել։ Թե ինչ կանեն՝ կտեսնենք, բայց կմարի, սեպտեմբեր-հոկտեմբերին կփորձեն էլի ակտիվանալ անպայման, որպեսզի նորից հանկարծ այլ առողջ ու նոր ասելիք ունեցող ուժեր չկարողանան հանդես գալ։ Հանրությանը էլի բաժանում են երկու մասի, ընտրությանը մարդկանց ասում էին՝ դու հիմա նիկոլակա՞ն ես, թե՞ քոչարյանական, հիմա՝ նիկոլակա՞ն ես, թե՞ սրբազանական։ 

Մեզ առաջարկ եղավ ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխության, ԵՄ-ին անդամակցելու, դրան հաջորդեց այս շարժումը, սկսվեց Տավուշի սահմաններից, հիմա ո՞վ է խոսում այդ մասին, այնտեղի բնակիչների մասին, բոլորը թքած ունեն՝ և՛ ընդդիմադիր, և՛ դիմադիր գործիչները։ Ալավերդիում ջրհեղեղը եղավ, մեր տնտեսության համար դա ահռելի կորուստ էր, ո՞վ է խոսում այդ մասին։ 

– Որ ընդդիմությունը մանդատները վայր կդնի, այդ կերպ թուլացնելով իշխանությանը, իրատեսակա՞ն չէ։

– Ընդդիմությունը մանդատները վայր չի դնի, որովհետև երբ այդ մասին քննարկումներ ունեցանք իրենց որոշ ներկայացուցիչների հետ, իրենք ասացին, որ վստահ չեն, որ իրենց մանդատը վայր դնելուց հետո իրենցից հետո եկողները վայր կդնեն, այսինքն՝ իրենք էլ են պառակտված։ 

Այս ընդդիմությունը ու այս իշխանությունը իրար այնքան են ուտելու, սպառելու, որ ոչնչացնեն միմյանց։ Մեր հանրությունը լրիվ այլ խնդիրներով է ապրում, ընդդիմությունն ու իշխանությունը՝ այլ, իրենք մեզ հետ կապ չունեն, մեզանից կտրված են, ապրում են այլ օրակարգերով ու սեփական շահերը սպասարկելով, թքած ունեն Հայաստանի ու նրա քաղաքացիների շահերի վրա։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am