Հայտարարություն 2024 թ․ հունիսի 12-ի դեպքերի մասին

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս խորը անհանգստություն ենք հայտնում 2024 թ. հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարար քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման առթիվ, որի արդյունքում շուրջ 100 հոգի ստացան մարմնական վնասվածքներ:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, վերլուծելով բախմանը նախորդած ժամանակահատվածում ցույցերը կազմակերպած գործիչների հռետորաբանությունը, գործողությունները, ելույթները և կոչերը, ինչպես նաև բախման տեսագրություններն ու առկա օբյեկտիվ այլ տվյալները, արձանագրում ենք՝ Ոստիկանությունը, ընդհանուր առմամբ կատարելով իր օրինական գործառույթները, մի շարք դրվագներում պատշաճ մասնագիտական հմտություն չի դրսևորել:

Մասնավորաբար, Ազգային ժողովի շենքի պաշտպանության համար կենդանի պատնեշ կամ շղթա չի կազմել Սիրահարների այգու թևում, ինչը թույլ է տվել ցուցարարների մի մասին այգի մուտք գործել և խարխլել ոստիկանական պաշտպանությունը, որին հետևել է ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառումը:

Նման սցենարից խուսափելու համար ոստիկանությունը կարող էր ուժեղացնել պասիվ պաշտպանությունը Սիրահարների այգու թևում (այդ թվում՝ փշալարերով): Ստեղծված իրավիճակում հիմնավոր և անհրաժեշտ են եղել Սիրահարների այգում առաջին երեք նռնակների և Դեմիրճյան փողոցում մի քանի լուսաձայնային նռնակների կիրառումը, որոնցից հետո ցուցարարների ագրեսիան կտրուկ նվազել է:

Դրանից հետո առանձին ագրեսիվ ցուցարարներին կարելի էր մեկուսացնել՝ առանց լայն խոցում ապահովող հատուկ միջոցների կիրառման, այնինչ ոստիկանությունը շարունակել է կիրառել լուսաձայնային նռնակներ:

Մյուս շուրջ 20 նռնակները փաստացի կիրառվել են գերակշռապես նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ: Արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվել է արդեն կիրառված նռնակից վիրավորում ստացած ու գետին ընկած քաղաքացիների և նրանց օգնության հասնողների ուղղությամբ: Լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել կիրառելու՝ մարդկանցից նվազագույն (2,5 մետր) հեռավորությունը, որի հետևանքով քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ:

Հետևապես, ցուցարարների նման խտության պարագայում ձեռքի բեկորային լուսաձայնային նռնակի ընտրությունը՝ որպես հատուկ միջոց, լուրջ ռիսկեր է պարունակել հավաքի մասնակիցների առողջության և կյանքի համար: Դաստակի էական վիրավորում ստացած քաղաքացին այն ստացել է իր ոտքերի տակ ընկած (դեռևս չպայթած) նռնակը անհասկանալի նպատակով վերցնելու հետևանքով: Անկախ քաղաքացու մտադրությունից, այդ իրավիճակը չէր ստեղծվի, եթե ոստիկանությունը հետևեր նախորդ կետում նկարագրված կարգին:

Արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառել է անհամաչափ ֆիզիկական ուժ՝ բռնություն և ահաբեկիչ խոսք, այդ թվում՝ ոստիկանական մեքենաների մեջ դիմադրություն ցույց չտվող քաղաքացիների նկատմամբ: Այդ դրվագներում ոստիկանության առանձին աշխատակիցներ անցել են իրենց օրինական լիազորությունների սահմանները: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարները և խորհրդարանական ընդդիմության այլ ներկայացուցիչները իրենց ելույթներում մոտավորապես 3 ամիս զարգացնում էին ծայրահեղացող, ապա նաև բռնի գործողությունների դրդող հռետորաբանություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բախումներից շատ ժամանակ չանցած, գնահատականներ տվեց տեղի ունեցողի վերաբերյալ՝ համարելով ոստիկանության գործողություններն իրավաչափ, համաչափ և պրոֆեսիոնալ:

Այսպիսի կանխակալ դիրքորոշումն ակնհայտորեն կարող է կաշկանդել վերոհիշյալ դեպքերի և իրադարձությունների անկողմնակալ, լիարժեք, համապարփակ և մանրակրկիտ քննությունը:

ՆԳՆ-ում նախաձեռնվել է մոտ 40 ծառայողական վարույթ ոստիկանության ծառայողների գործողությունների կապակցությամբ, այդուհանդերձ չկան տեղեկություններ այն մասին, թե արդյո՞ք քննվում են ցուցարարների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի գործադրման և քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը:

Երկու կողմերի գործողություններին էլ իրավական գնահատական տալը կարևոր է իրավունքի գերակայության և հնարավոր քաղաքական շահարկումներից խուսափելու համար։

Ամփոփելով՝ արձանագրում ենք, որ ոստիկանությունը չի ձեռնարկել բոլոր պատշաճ քայլերը քաղաքացիների հետ բախումից խուսափելու համար, իսկ բախումից հետո ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները, որի հետևանքով խախտվել են մի քանի տասնյակ անձանց հիմնարար իրավունքներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը.

ՀՀ իշխանություններից պահանջում ենք իրականացնել դեպքերի լիարժեք և առավելագույնս թափանցիկ քննություն:

Մասնավորաբար՝ քննության առնել և իրավական գնահատական տալ ոստիկանության ծառայողների և ցույցի մասնակիցների գործողություններին, ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների ընտրության հիմնավորվածությանը, կիրառված հատուկ միջոցների քանակի հիմնավորվածությանը, բերման ենթարկված չդիմադրող ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման դեպքերին և այլ խախտումներին:

Կոչ ենք անում ՀՀ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին և վարչապետ Փաշինյանին ընդդիմադիրների նկատմամբ կիրառված ոստիկանական գործողություններին իրավական գնահատական չտալ և չխոչընդոտել ցուցարարների ու ոստիկանների գործողությունների օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից իրականացնել ոստիկանական ու դատաիրավական այնպիսի բարեփոխումներ, որոնք կավելացնեն զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանական միջամտությունների արդյունավետությունը, հնարավոր վնասը կհասցնեն նվազագույնի և իրավապահ համակարգում հնարավորություն կստեղծեն իրականացնել օբյեկտիվ քննություններ՝ անկախ իշխանության համար քաղաքական նպատակահարմարություններից ու ցանկություններից:

Դատապարտում ենք ցուցարարների հարձակմանն ի պատասխան ոստիկանության կողմից համաչափության սահմանազանցումը, ինչպես նաև դատապարտում ենք ցույցերի ղեկավարների կողմից ծայրահեղացող և ագրեսիվ հռետորաբանությունը ու բախումների դրդումն ու ցուցարարների կողմից խաղաղ հավաքի ձևաչափից դուրս գալը:

Կոչ ենք անում բոլոր քաղաքական կուսակցություններին և շարժումներին պատասխանատվություն ցուցաբերել իրենց հռետորաբանության և գործողությունների մեջ՝ բացառելով ատելության խոսքն ու բռնության կոչերը, որոնք հրահրում են հասարակական անկարգություններ և բախումներ իրավապահների հետ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ