«Անթև թռչուն եմ կապույտ երկնքում». ստվերների աշխարհում երիտասարդը շարունակում է ստեղծագործել և երազել

«Անթև թռչուն եմ կապույտ երկնքում». ստվերների աշխարհում երիտասարդը շարունակում է ստեղծագործել և երազել
«Անթև թռչուն եմ կապույտ երկնքում». ստվերների աշխարհում երիտասարդը շարունակում է ստեղծագործել և երազել

Սրընթաց մեքենաների արանքներով, առանց այս ու այն կողմ նայելու, նա արագորեն կտրում-անցնում է մայրուղին ու քայլերն ուղղում դեպի իրենց թաղամասը: Փոքրիկ տուն մտնելու համար զգուշորեն հետ է տանում մետաղական լարերը, ապա ճռռոցով բացում երկաթյա ձողերով դարպասը:
Նեղլիկ արահետի երկու կողմերում ծառեր են, վերջում` տունն ու տան պատին հենված հին սեղանը` մորից հիշատակ մնացած բույսերով, որոնցից մեկը` մանրիկ, նուրբ վարդագույն ծաղիկներով: Ծաղիկները նա առանձնակի հոգատարությամբ է խնամում, տերևներից շոշափելով սրբում է փոշին, մշակում և ջրում:
«Մամաս ինձ միշտ ոգևորում էր,- ասում է 27-ամյա Վաչե Գրիգորյանը,- ոսկի ձեռքեր ուներ, ընտիր ասեղնագործում էր»:

Սեղանին վառ դեղին աստղածաղիկների մեծ ծաղկեփունջ կա, սենյակը մաքուր է ու կոկիկ, ինքն է հետևում տան մաքրությանը:

Սակայն Վաչեն ո´չ տեսնում է աստղածաղիկների մեծ ծաղկեփունջը և ո´չ էլ մոր ասեղնագործությունները. Վաչեի տեսողական աշխարհում միայն թույլ ստվերներ են. նա գրեթե կույր է:

«Ես տեսնում եմ ստվերներ, որոնք շարժվում են…»- ասում է նա:

17-ամյա հարևանուհին` Գայանեն, հաճախ է լինում ընկերոջ տանը, դիլիջանյան խոնավ ու ցուրտ երեկոներին Վաչեն բացում է իր բանաստեղծությունների տետրը, նստում հարևանուհու կողքին ու թելադրում.

Ես միայնակ եմ, տխուր ու մոլոր.

Իմ հոգում` քաոս, իմ սրտում` կարոտ,

Անարմատ ծաղիկ այս հրաշք կյանքում,

Անթև թռչուն եմ կապույտ երկնքում:

Գայանեն ուրախությամբ է օգնում ընկերոջը. «Վաչեն էլ շատ հարցերում ինձ ու մեր թաղի բոլոր բնակիչներին ա օգնում: Պաշտոնյա մարդու հետ խնդիր ունենալու դեպքում անփոխարինելի ա, չէ՞ որ օրենք գիտի»: Նա պատմում է, որ ընկերը կենսուրախ մարդ է, և միայն բանաստեղծություններն են մատնում, որ հոգու խորքում տխրում է:

Վաչեն ապրում է Դիլիջան քաղաքի Զինավան թաղամասում: Թիկնեղ է, ժպտերես: Հագուկապը կոկիկ է, խոսքը` կիրթ:

27-ամյա Վաչե Գրիգորյանին այստեղ բոլորը գիտեն: Ասում են` գիտի` ինչպե´ս պաշտպանել մարդկանց իրավունքները, ինչպե´ս նեցուկ լինել ընկերներին` չնայած տեսողական և բազմաթիվ այլ հարակից խնդիրներին, որոնց երիտասարդն ամեն օր բախվում է:

Մինչ մեկ տարեկանը Վաչեի տեսողությունը վերականգնելու համար բժիշկները վիրահատություն են խորհուրդ տվել, սակայն դա էլ չի օգնել:

«Տեսողությունս լրիվ կորցրել եմ…- ասում է Վաչեն, որը քաջատեղյակ լինելով ակնաբուժության զարգացման վերջին նվաճումներին, միևնույն է` վախենում է նոր վիրահատությունից,- էսպես լավից-վատից կողմնորոշվում եմ»:

Վաչեն ավարտել է Դիլիջանի թիվ 19 գիշերօթիկ դպրոցը, սովորել է գրել-կարդալ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Երբ ուսուցիչը պատմել է դասը, նա ուշադիր լսել է և ամեն ինչ մտապահել:

Անգլերենի ուսուցչուհի միսիս Հռիփսիմեն տարիներ անց սիրով է հիշում իր ամենալավ աշակերտներից մեկին. «Բերանիցս դուրս եկած բառը սպունգի պես կլանում էր, շատ լավ առոգանություն ուներ»:

Հիմա էլ Վաչեն հարևաններին ու հյուրերին զարմացնելու համար մեկ-մեկ սկսում է անգլերեն խոսել:

Տարիների ընթացքում մասամբ առողջ աչքի տեսողությունը թուլացել է: Սակայն անգույն ստվերների իր աշխարհում Վաչեն շատ լավ է կողմնորոշվում, ապրում կենսուրախ և աշխատում օգնել ու ուրախացնել մարդկանց: Դիլիջանում շատերը գիտեն Վաչեին նաև իր գեղեցիկ ձայնի և երգերի շնորհիվ, քանի որ հաճախ է մասնակցում կազմակերպվող համերգներին:

«Չնայած կոնֆլիկտային մարդ չեմ, բայց կարող եմ նաև կռվի մեջ մտնել ու դիմացինիս տեղը դնել: Ես արդարություն եմ սիրում»,- վստահ ասում է նա:

Արդարության ջատագովը բազմաթիվ հոդվածների և հրապարակախոսական ակնարկների հեղինակ է, որոնք տպագրվել են մարզային «Դիլիջան», «Տավուշ» պարբերականներում:

Տարիների ընթացքում հրապարակված իր հոդվածներից խնամքով կազմված մի մեծ կապոց ունի:

Վաչեն երազում է «Արև» ծրագրով համակարգիչ ունենալ: Մի անգամ մի հեռուստահաղորդման ընթացքում տեղեկացել է, որ տեսողական խնդիր ունեցողները, համակարգչի հրահանգներին հետևելով, կարող են ինտերնետ մտնել, օրվա լրահոսին ծանոթանալ` շնորհիվ համակարգչի ծրագրային հնարավորությունների:

«Հավաքել եմ պահանջվող փաստաթղթերը, ուղարկել Երևան, որպեսզի ես էլ «Արև» ծրագրով համակարգիչ ունենամ: Պատասխանել են, որ նախ պետք է բարձրագույն կրթություն ունեցողները ստանան»,- ասում է Վաչեն` համոզված, որ նման համակարգչով աշխատանք էլ կունենա:

«Երեք երազանք ունեմ` ունենալ «Արև» համակարգիչ, վարձատրվող աշխատանք և ճանաչված երգիչ դառնալ»,- երանությամբ ժպտում է Վաչեն` երազանքների մասին խոսելիս:

Նա 11 հազար դրամ թոշակ է ստանում, տան հոգսը նրանից մեկ տարով մեծ եղբոր` Վահեի ուսերին է:

Հայրը մահացել է 18 տարի առաջ, մայրը` 5:

«Երկու եղբայր` անհեր, անմեր, ապրում են չվերանորոգված, կաթող տանիքով հին տանը, որը նույնիսկ սեփականաշնորհված չի,- ցավով նշեց հարևանուհիներից մեկը: – Այս թաղամասը միակն է Դիլիջանում, որ գազիֆիկացում չունի»:

Տաքսու վարորդ Արմեն Ազիզյանը միանգամից ճանաչեց «ընտիր երգող կույր տղային» ու պատմեց. «Մայրը, տղայի թևը մտած, առաջնորդում էր մեր քաղաքի փողոցներով»:

Վաչեն մոր մասին մեծ կարոտով է պատմում, նրան նվիրված բանաստեղծությունների մի մեծ տետր ունի.

Երանի~ նորից կողքիս լինեիր,

Բացեի քո դեմ իմ սիրտը տխուր,

Երանի~ դու ինձ գիրկդ առնեիր,

Ես սփոփվեի քո մեղմ քնքշանքով:

«Բնությունը խոսել չգիտի, բայց ինքն ինձ ձայն ա տվել. բնության մասին երգ ունեմ գրած»: Երբ խնդրում ենք երգել, Վաչեն ծիծաղում է`ասելով, որ կարիք չկա իրեն երկար համոզել երգելու համար. աչքերը փակում է ու սկսում երգել.

Քո սարերը, քո լեռները, բնությունդ աննման,

Ի´մ Հայաստան, Հայո´ց աշխարհ, չկա քեզ նման:

Փոքրիկ աղյուսաշեն տնակի պատերից տղայի սիրող ձայնի ելևէջները դուրս են գալիս ու փաթաթվում Դիլիջանի բարձր ծառերին, ամպոտ սարերին, ամբողջ աշխարհին:

Արփի Մաղաքյան

© Medialab.am