Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանն իրենց ձեռքից գնում է, դրա համար էլ սպառնում են, քննադատում ֆրանսիական զենքի համար. Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը 

– Պարո՛ն Վարդանյան, հայտնի է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին, Ռուսաստանից էլ հնչում են հայտարարություններ, թե Հայաստանը պետք է գիտակցի, որ տարածաշրջանում միակ անվտանգության երաշխավորը կարող է լինել ՀԱՊԿ-ը։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները։

– Հայաստանի որդեգրած քաղաքականությունը միանշանակ տեղին է ու ուշացած, վաղուց էր պետք այս քայլին գնալ, որքան շատ մենք ՀԱՊԿ-ին դեմարշ հայտարարենք, այնքան ավելի արևմտյան սպառազինություն ստանալու ու ոչ միայն սպառազինություն, այլ նաև՝ ֆինանսական, տեխնոլոգիական ու այլ կարգի օգնություն կստանանք։ ՀԱՊԿ-ը բազմիցս ապացուցել է իր անկենսունակությունը, ու մենք այդ կառույցում այլևս անելիք չունենք և վաղ թե ուշ պետք է դուրս գանք այդ կառույցից։ 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի գնահատականներին, ապա նրանք հասկանում են, որ Հայաստանն իրենց ձեռքից գնում է, ռուսական ուղեծրից դուրս գալը Հայաստանի համար ժամանակի հարց է, դրա համար էլ մեզ անընդհատ սպառնում են, քննադատում են ֆրանսիական զենք ձեռք բերելու համար և այլն։ Նրանց համար սա, բացի նրանից, որ անընդունելի է, ինչ-որ տեղ նաև անսպասելի է, դրա համար է այս ամբողջ հիստերիան, ու այս ամենը խիստ կանխատեսելի էր։

– Իսկ ձեր ասած՝ այդ հիստերիան կսահմանափակվի միայն հայտարարությունների՞ մակարդակով, թե՞ հնարավոր է, որ դրանց հետևեն որոշակի գործողություններ։

– Ինչ-որ մի փուլում հետևելու են նաև գործողություններ, այս պահին Ռուսաստանը շատ համբերատար սպասում է, հույս ունի, որ Հայաստանը կվերադառնա իրենց ուղեծիր, հավանաբար մտածում են, որ «անառակ որդին» կարող է վերադառնալ, ու առայժմ չեն գնում լուրջ հակազդեցության: Բացի դրանից, իրենք այժմ ամբողջովին ընկղմված են ուկրաինական պատերազմի մեջ ու չեն ուզում ևս մի կետում խնդիրներ ունենալ։ Հույս ունեն, որ Հայաստանին սպառնալով, համոզելով, ոչ կոշտ միջոցներով կբերեն իրենց ազդեցության գոտի, բայց, ես կարծում եմ, որ ինչ-որ մի փուլում լինելու են այդ պատժամիջոցները, պատահական չէ, որ վերջերս Լավրովը խոսեց Ռուսաստանից շուկայականից ցածր գնով Հայաստանին գազ մատակարարելու մասին։ 

– Այս պահին Հայաստանը ՀԱՊԿ-ին իրական այլընտրանք ունի՞։

– ՀԱՊԿ-ին այլընտրանքը ՆԱՏՕ-ն է, այս պահին չունենք։ Բայց պետք է մի բան հաշվի առնենք, որ նախկինում, այնուամենայնիվ, ինչ-որ բան ՀԱՊԿ-ից ստանում էինք, իսկ հիմա դա էլ չենք ստանում, այնպես որ, ՀԱՊԿ-ում մնալը մեզ համար է արդեն անվտանգության սպառնալիք դարձել, ու ճիշտը այդ կառույցից դուրս գալն է ու դրա դիմաց Արևմուտքից սպառազինություն ստանալ։ Տեսնում ենք՝ երբ Հայաստանն սկսեց ՀԱՊԿ-ին դեմարշ հայտարարել, մեկը մյուսի հետևից արևմտյան մի շարք երկրներ Հայաստանին սպառազինություն մատակարարելու որոշումներ են կայացնում, ինչի մասին մենք նախկինում երազում էինք։

– Պարո՛ն Վարդանյան, այսինքն՝ համակարծի՞ք չեք այն վերլուծաբանների մտահոգություններին, որ Արևմուտքից Հայաստանն էական երաշխիքներ ու օգնություն չի ստանալու։

– Արևմուտքից մենք ստանալու ենք զենք ու ինքներս մեզ պաշտպանենք, իհարկե, Արևմուտքը չի գալու մեր փոխարեն կռվի։ Արևմուտքն ունի նաև Ադրբեջանին զսպելու դիվանագիտական կարողություններ, ինչը մենք տեսել ենք այս վերջին երկու-երեք տարիների ընթացքում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am