Սերժ Սամոնյանցը մեծարվել է 35-ամյա լրագրողական գործունեության համար

Սերժ Սամոնյանցը մեծարվել է 35-ամյա լրագրողական գործունեության համար
Սերժ Սամոնյանցը մեծարվել է 35-ամյա լրագրողական գործունեության համար

Այս հոդվածը նվիրված է Սերժ Սամոնյանցին` Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնում 10 տարի աշխատած նախկին խմբագրին, և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթում վերջին 25 տարիների ներկայիս խմբագրին:

Սերժը համեստ մարդ է, որն իր կյանքի մեծ մասն անտրտունջ աշխատել է` խուսափելով իր նկատմամբ որևէ ուշադրությունից: Երբ անցյալ կիրակի երեկոյան ես նրան հայտնեցի, որ «Ասպարեզը» պատրաստվում է մեծարել իրեն, Սերժը հեգնական պատասխանեց իրեն հատուկ ինքնաթերագնահատման ոճով. «Ի՞նչ է, մեծարելու համար այլ մարդ չի մնացե՞լ»:

Սերժը մեծարվեց աշխարհի ամենահին թերթերից մեկի` «Ասպարեզի» 105-ամյակին նվիրված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ: «Ասպարեզ» թերթն սկսել է հրատարակվել 1908 թվականին Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, իսկ 1970 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես:

Մինչ իմ շաբաթական սյունակները զգալի ուշադրության են արժանանում հրապարակվելով աշխարհի մի քանի տասնյակ թերթերում և տեղադրվելով հարյուրավոր կայքերում բազմաթիվ լեզուներով, Սերժն ամեն շաբաթ աննկատ կերպով պատրաստում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթը հրատարակության համար: Նա պատասխանատու է ամեն ինչի համար`սկսած լուրերի հավաքումից մինչև  խմբագրում, ձևավորում և գովազդային աշխատանքներ:  

Պետք է արժանին մատուցել «Ասպարեզ» թերթի ղեկավարությանը Սերժ Սամոնյանցին մեծարելու համար: Թեև 1988 թվականից նա այլևս չի աշխատում «Ասպարեզում», սակայն թերթի հայերեն և անգլերեն բաժինների ներկայիս խմբագիրներ Աբո Պողիկյանը և Արա Խաչատուրյանը չեն մոռացել իրենց նախկին գործընկերոջը և քառորդ դար անց ցանկացել են իրենց երախտիքի խոսքն ասել նրա գերազանց աշխատանքի համար: Հաճախ չէ, որ հայկական կազմակերպությունները հիշում են իրենց աշխատակիցներին և հանդիսավոր ճաշկերույթներ կազմակերպում նրանց պատվին:

Թեև պատշաճ է ճանաչել նրանց, որոնք զգալի գումարներ են նվիրաբերում հայկական հաստատություններին, քանզի առանց նրանց առատաձեռն նվիրատվությունների հնարավոր չէր լինի շատ բաների հասնել, սակայն նույնքան կարևոր է մեծարել ազգի համեստ ծառայողներին, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայ համայնքին, ինչպիսիք են ուսուցիչները, լրագրողները և հոգևորականները:

Տոնակատարությունն իսկապես հիշարժան դարձավ անակնկալ հայտարարությամբ, որով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան էր շնորհել պարոն Սամոնյանցին: Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կարդաց Կաթողիկոսարանի պատրաստած կոնդակը` պարոն Սամոնյանցի կրծքին Պատվո շքանշանը ամրացնելու պահին:

Ինձ խնդրել էին ներկայացնել Սերժին հոկտեմբերի 20-ի հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոնտեբելոյի Բաղրամյան դահլիճում: Ստորև ներկայացնում եմ իմ բացման խոսքը, որը ներառում է պարոն Սամոնյանցի համառոտ կենսագրությունը.  

Սերժը ծնվել է 1943 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որտեղ ապրել է մինչև 9 տարեկան դառնալը: 1952 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Սան Պաուլո, Բրազիլիա, իսկ 1961 թվականին` Մասաչուսեթս, ԱՄՆ: Նա ընդունվել է ՀՅԴ երիտասարդական միության, իսկ 1966 թվականին Մոնտեբելո, Կալիֆորնիա տեղափոխվելուց հետո` ՀՅԴ «Քեռի» կոմիտեի շարքերը:

1964 թվականին Սերժը ծառայության է անցել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում և 1970 թվականին պատվով զորացրվել է որպես սերժանտ: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Սերժը հաճախել է Լոս Անջելեսում Կալիֆորնիայի նահանգային համալսարան` մասնագիտանալով պատմության մեջ: Հետագայում UCLA-ի համալսարանից նա ստացել է հանրային կապերի վկայական:

1973 թվականից սկսած Սերժը յոթ տարի շարունակ ստանձնել է «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագրի պաշտոնը: Այնուհետև, 1983-84 թթ. աշխատել է որպես ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն: Հետագայում, 1985-1988 թվականներին նա կրկին վերադարձել է «Ասպարեզ»` անգլերեն բաժնի խմբագրի իր նախկին պաշտոնին: 

1985 թվականին Ժնևում, Սերժը և ես, Հայ Դատի հանձնախմբի պատվիրակության կազմում էինք` հաջողությամբ լոբբինգ իրականացնելով ՄԱԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: 

1988 թվականին Սերժը միացավ «Կալիֆորնիա կուրիեր» թերթին որպես խմբագիր, որտեղ արդեն 25 տարի է, ինչ աշխատում է: Նա գերազանց լրագրող է և բարձրակարգ պրոֆեսիոնալ: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է քառորդ դար շարունակ աշխատել նրա հետ միասին և’ որպես մտերիմ ընկեր և’ որպես գործընկեր:

Սերժը լուռ ու մունջ մարդ է և անխոնջ աշխատող: Նա իր ողջ կյանքի ընթացքում եղել է ակտիվ գործիչ տարբեր սոցիալական և քաղաքական հարցերում և Հայ դատի աննկուն ջատագով: 

Սերժի մեծարման ուրախությունը նրա հետ միասին կիսում էին նրա ընտանիքի անդամները, կինը` Մարիամը, քենին` Լաուրա Մանուկյանը, նրա որդին` Րաֆֆին ու նրա կինը` Նանոն, և նրանց երեխաները` Էմիլին ու Սեպուհը:

Շնորհավորում եմ Սերժ Սամոնյանցին` հայ լրագրությանը վերջին 35 տարիների ընթացքում իր անշեղ նվիրվածության համար և շնորհավորում եմ «Ասպարեզ» թերթի աշխատակիցներին` նրանց քրտնաջան աշխատանքի և հանձնառության համար՝ շարունակելու ժառանգությունը այն մարդկանց, որոնք 105 տարի առաջ հիմնադրել են այս թերթը:

Հարութ Սասունյան   

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր