Այսօր Հայաստանը մնացել է առանց անվտանգային մեխանիզմների՝ գործող իշխանության քաղաքականության հետևանքով. Աննա Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Աննա Կարապետյանը

– Տիկի՛ն Կարապետյան, ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահեցրել է, թե Արևմուտքը պատրաստ է Հայաստանին մատակարարել գրեթե ցանկացած զենք, խոսել է նաև Ֆրանսիայի հետ այդ առումով հարաբերությունների մասին։ Հիմքեր տեսնո՞ւմ եք, որ Արևմուտքն իսկապես պատրաստ է զինել Հայաստանին։

– Հիմքերի մասին կարող ենք կարծիք հայտնել՝ ելնելով հրապարակային տեղեկություններից, իսկ ըստ դրանց՝ տեսնում ենք, որ, մասնավորապես, Ֆրանսիայի հետ իսկապես որոշակի ռազմատեխնիկայի վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվում։ Դրանց ռազմական կարևորության ու նշանակության մասին կարող են հստակ գնահատական հնչեցնել ռազմական փորձագետները: 

Բայց խնդիրն այստեղ այն չէ, թե լավ կամ վատ է, որ մեզ զենք են վաճառում, խնդիրն այն է, թե արդյոք մենք տեսնո՞ւմ ենք մեր անվտանգությունը բացառապես այստեղից կամ այնտեղից գնվող զենքի տեսքով:

Բնականաբար այսօր, առավելևս Հայաստանի պարագայում, դա չի կարող լինել Հայաստանի անվտանգության միակ երաշխիքը կամ միակ գործոնը, հետևաբար այս տեսանկյունից Հայաստանն այսօր շատ ծանր ու բարդ իրավիճակում է, որովհետև գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով փաստացի Հայաստանը զրկվել է անվտանգային երկկողմ ու բազմակողմ մեխանիզմներից, որոնք ունակ էին ապահովել Հայաստանի անվտանգությունը: Այսօր ձեռագիր են որդեգրել պարզապես կատարել Ադրբեջանի բոլոր ցանկությունները, միայն թե պատերազմ չլինի՝ այն համարելով որպես Հայաստանի համար անվտանգության ապահովման գործիք։ 

Հետևաբար, այո՛, գուցե զենք գնելը լավ է, բայց եթե այդ զենք գնելն ավելի է անգործունակ դարձնում այն անվտանգային համակարգերը, որոնք գոնե թղթի վրա այս պահին կան, արդեն խնդիր կա հասկանալու, թե արդյոք գնված զենքն ի վիճակի՞ է բալանսավորել այն ամենը, ինչ Հայաստանը կորցրել է անվտանգության համակարգի տեսանկյունից։

– Հայաստանն ի վիճակի՞ է այդ բալանսավորումն ապահովել, թե՞ ոչ։

– Բնականաբար ո՛չ, որովհետև միայն զենքի առկայությունը չի կարող Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խախտված բալանսը վերականգնել ու Հայաստանի անվտանգությունն ապահովել։ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար  պետք է կա՛մ գործեն Ռուսաստանի հետ երկկողմ, կամ ՀԱՊԿ-ի հետ բազմակողմ մեխանիզմները, որոնք, մենք տեսնում ենք, Հայաստանի իշխանության վարած քաղաքականության պարագայում գրեթե անհնար է, որ գործեն. կա՛մ պետք է ստեղծված լիներ այլընտրանք, օրինակ՝ անդամակցություն ՆԱՏՕ-ին, ինչն անիրատեսական է բնականաբար։

Հետևաբար, ստացվում է, որ այսօր Հայաստանը մնացել է առանց անվտանգային մեխանիզմների՝ գործող իշխանության քաղաքականության հետևանքով, ու այդ քաղաքական փիարի ներքո իրականացվող զենքի գնումները չեն կարող իրական խնդիրներ լուծել։ 

– Տիկի՛ն Կարապետյան, դուք ասում եք, որ այս իշխանության վարած քաղաքականության հետևանքով է, որ այսօր Հայաստանը զրկված է իր անվտանգությունն ապահովող մեխանիզմներից, բայց իշխանությունն այդ հարցում մեղադրում է Ռուսաստանին։

– Բայց մինչև 2018 թվականը՝ այս իշխանության գալը,  լավ թե վատ Հայաստանի անվտանգային համակարգերը գործում էին ու զսպում էին Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ուղղակի ագրեսիայից։ Փաստն այն է, որ այս իշխանությունը 44-օրյա պատերազմի ընթացքում միայն 33-րդ օրը դիմեց Ռուսաստանին աջակցության խնդրանքով։ Փաստն այն է, որ այս իշխանությունն է ամեն ձևով ստեղծել տպավորություն, թե դիմել են ՀԱՊԿ-ին, բայց նա չի եկել և այլն, այն պարագայում, երբ ի սկզբանե անհասկանալի էր, թե նրանք ինչպե՛ս էին դիմում ՀԱՊԿ-ին, ու ակնհայտ էր, որ այդ ամենն արվում էր ՀԱՊԿ-ը հեղինակազրկելու համար։ 

Մենք իհարկե տեսել ենք, որ Ռուսաստանն էլ իր մեղավորությունն ունի մի շարք հարցերում, ու մի շարք հարցեր կան Ռուսաստանին՝ առաջին հերթին նույն խաղաղապահ առաքելության գործունեությանը վերաբերող, Արցախի հայաթափմանը, Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական զորքի առկայությանը և այլն, բայց, կրկնում եմ, այդ ամենը առաջին հերթին Հայաստանի վարած քաղաքականության՝ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին հեղինակազրկելու, հարվածներ հասցնելու հետևանք է։ Նրանց ամբողջ քաղաքականությունը կառուցված է բացառապես ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու հիմքի վրա: Եթե ուշադիր լինեք, այսօր գործող իշխանությունները շատ հարցերում արդարացնում են Բաքվին ու մեղադրում Ռուսաստանին։

– Այդ համատեքստում հիմա Արևմուտքի հետ այս հարաբերությունները, զենքի գնումները ի՞նչ ազդեցություն են ունենալու հայ-ռուսական հարաբերությունների վրա։

– Ռուսաստանը բավական սուր է արձագանքում, որովհետև շատ լավ հասկանում են, որ Արևմուտքի  այդ քաղաքականության նպատակը ոչ թե Հայաստանին պաշտպանելն է կամ Հայաստանի համար ինչ-որ երաշխիքներ ստեղծելը, այլ՝ Ռուսաստանի դերակատարումը թուլացնելը, տարածաշրջանից նրան դուրս մղելը։ Այդ թվում արձագանքում են աբսուրդային այնպիսի հայտարարություններով ու հաճախ հաշվի չեն առնում հանգամանքը, որ Հայաստանը միայն գործող ապիկար իշխանությունը չէ, այլ նաև Հայաստանի ժողովուրդը, որն իր դարավոր բարեկամն է։ 

Բնավ չեմ արդարացնում  Ռուսաստանին, ասացի արդեն, որ մի շարք հարցեր կան նրան ևս, բայց այլ է խնդիրը, որ այսօր Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնեն՝ դառնալով գործիք Արևմուտքի ձեռքին։ 

Իրենք այսօր խոսում են ինքնիշխանության մասին, բայց հենց այսօր է, որ Հայաստանն ամենաքիչ ինքնիշխանն է, այսօր իրենք պարզապես սպասարկում են Արևմուտքի շահերը՝ դառնալով գործիք Ռուսաստանի դեմ։ Այլ իրավիճակներում էլ բավարարում են Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները՝ փաստացի գործիք դառնալով նրանց ձեռքին, բայց որևէ կերպ այստեղ Հայաստանի պետական, ազգային շահերի բավարարման փորձ չենք տեսնում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am