Հայտնի են 2024-ի երրորդ քննաշրջանի՝ դրսեկության ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի երրորդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ երրորդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2024 թվականի երրորդ քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Գրականություն» առարկաների քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում):

Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:

Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:

Դրսեկության ձևով (ավարտական` ուսումնական պլաններով նախատեսված առարկաներից) քննությունները դրսեկները հանձնում են՝ համաձայն ժամանակացույցի:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի:

Բանավոր քննությունները գնահատվում են  10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

8-9  միավոր– 4                16-17 միավոր–8

10-11 միավոր– 5                 18-19 միավոր-9

12-13 միավոր– 6                20 միավոր-10

14-15 միավոր – 7

Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը վերահսկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: