Ներկայացվել են ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի աշխատակազմերի հաջորդ տարվա բյուջետային ծրագրերը

Հաջորդ տարի վարչապետի աշխատակազմին հատկացվելիք ֆինանսական միջոցները կրճատվելու են 640 մլն դրամով կամ 2.5 տոկոսով: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին ներկայացնելով ՀՀ վարչապետի աշխատակազմին գալիք տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցներն ու ծրագրերը: Համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ վարչապետի աշխատակազմն ընթացիկ տարվա համեմատ հաջորդ տարի 8 միջոցառում պակաս կիրականացնի: Նշվել է, որ  դրանք հիմնականում տեխնիկական միջոցառումներ են: Ընթացիկ տարվա համեմատ 2 միջոցառում էլ ավելի կիրականացվի, դրանք կապված են տեսչական գործունեության հետ:

Արայիկ Հարությունյանը մասնավորապես հայտնել է, որ փոփոխություն է կատարվել Ազգային փոքրամասնությունների աջակցության ծրագրի խորհրդում: Վարչապետի որոշմամբ Խորհրդի ղեկավար է նշանակվել աշխատակազմի ղեկավարը, ինչը նշանակում է, որ Կառավարությունն այդ ուղղությանն ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել, որն էլ արտացոլվել է  Ազգային փոքրամասնությունների աջակցության ծրագրի իրականացման համար հատկացվելիք գումարների չափում: Ընթացիկ տարում այդ նպատակի համար հատկացվել է 20 մլն դրամ, որն ավելացվել է՝ դառնալով 25 մլն դրամ: «Աճը շարունակական է լինելու ըստ այն ծրագրերի, որոնք կնախանշենք: Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել 11 ազգային փոքրամասնությունների 15 հասարակական կազմակերպությունների՝ վերջինների կողմից Խորհրդին ներկայացված ծրագրերի ֆինանսավորման հայտերի և համապատասխան հրամանի հիման վրա»,- նշել է աշխատակազմի ղեկավարը:

728 մլն դրամ նախատեսված է ուղղել «Հանրային իրազեկում և հասարակական քաղաքագիտական հետազոտություններ» միջոցառման իրականացմանը, որի իրականացման համար նախատեսված գումարը նախորդ տարվա համեմատ նվազել է: Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ հանրային իրազեկման բարելավման նպատակով ստեղծվել և գործում են irazekum.am եւ  bnakavayr.am տեղեկատվական կայքերը, որոնք ամբողջական տեղեկատվություն են տալիս քաղաքացիներին պետական աջակցության ծրագրերի մասին:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև Ազգային ժողովի հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ՝ օրենսդիր մարմնի հետ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար: Այս համատեքստում զեկուցողը մի շարք տվյալներ է ներկայացրել:

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեությունը միտված է երկրի իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությանը և ընկալվելուն՝ որպես կայուն, վստահելի, հեղինակավոր և ինստիտուցիոնալ կառույց՝ հանդիսանալով նոր գաղափարների, լուծումների և ռազմավարական նախաձեռնությունների կարևորագույն օղակ: Այս մասին ասել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը «2025 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկման ժամանակ:

Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրական լիազորությունների իրականացման համար 2025 թվականի համար ներկայացվել է 1 մլրդ 658 մլն 673 հազար դրամի բյուջետային հայտ, ընթացիկ տարվա համեմատ տարբերությունը 113 մլն դրամ է: Աշխատակազմը ֆինանսավորվում է մեկ ծրագրով՝ երկու միջոցառմամբ: Ընդհանուր բյուջեի շուրջ 97,5 տոկոսը նախատեսված է «Նախագահի գործունեության և ներկայացուցչության ապահովում» միջոցառման համար, իսկ 2,5 տոկոսը՝ «Տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման համար: Այս միջոցառմամբ նախատեսվում են ֆինանսական միջոցներ համակարգչային և էլեկտրական սարքավորումների ու էլեկտրական էներգիայի պահուստային աղբյուրի վթարային գեներատորի ձեռքբերման համար:

Խաչատուր Պողոսյանի փոխանցմամբ՝ ծրագրային բյուջետավորման ձևաչափով սահմանվել են նախագահի աշխատակազմի ծրագիրն ու միջոցառումները, նաև՝ արդյունքային ցուցանիշները: Նախատեսված է Ազգային ժողովի ընդունած 460 օրենքների՝ Հանրապետության նախագահի ստորագրման, նախագահի կողմից 180 հրամանագրերով հանրապետության քաղաքացիության շնորհման գործընթացների ապահովում, դատապարտյալների ներման վերաբերյալ 5 հրամանագրերի նախապատրաստում, 270 անձանց շքանշաններով ու մեդալներով պարգևատրման, ինչպես նաև պատվավոր կոչման շնորհման ապահովում, բարձրագույն դասային աստիճանների, դիվանագիտական աստիճանների շնորհման գործընթացի ապահովում, ինչպես նաև նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող այլ գործառնությունների իրականացում:

2025 թվականին նախատեսվում են նախագահի արտասահմանյան այցեր և այլ պետությունների ղեկավարների՝ հանրապետություն այցեր, նախագահի մասնակցությունը որոշ արտասահմանյան միջոցառումներին, նաև մարզային այցեր:

Զեկուցողները պատասխանել են նաև պատգամավորների հարցերին: