«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի արտգործնախարարի բնորոշմամբ՝ հայկական կողմի չմասնակցելը COP 29-ին «կորսված հնարավորություն է»։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների այս որոշումը։
– Շատ դժվար է գնահատել մի որոշում, որը դեռ չի կայացվել, որովհետև նրանք չեն բացառում, որ մասնակցելու են այդ միջոցառմանը։ Ես մի բան հստակ գիտեմ, որ Ադրբեջանը ոչ մի քայլ չի արել, այդ թվում՝ պատանդառված անձանց վերադարձի հարցում, դա ակնհայտ է: Ավելին՝ COP29-ից առաջ Ալիևը Շուշիի օկուպացիայի առիթով հերթական անգամ բավականին ընդգծված ագրեսիվ ելույթով հանդես եկավ, որին Հայաստանից, ինչպես միշտ, որևէ արձագանք չհնչեց: Ադրբեջանն իր խոսույթով ու քաղաքականությամբ հստակ ցույց է տալիս, որ որևէ թղթի ստորագրման հարցում շահագրգռված չէ ու որևէ քայլ չի անում ի պատասխան Հայաստանի բազմաթիվ միակողմանի զիջումների։
– Իսկ ձեր գնահատմամբ՝ հայկական կողմն ի վերջո գնալո՞ւ է Բաքու։
– Դժվարանում եմ ասել, կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության պարագայում հայկական կողմի համար բավականին դժվար է եղել հստակ որոշում կայացնել, որովհետև, ըստ էության, իրենք Բաքվից վերադառնալու էին ամբողջովին ձեռնունայն։
Եթե ամբողջ հաշվարկն այն էր, որ դրա շրջանակներում Ադրբեջանի հետ ինչ-որ թղթի ստորագրում կամ, միգուցե, գերիների ազատ արձակում է տեղի ունենալու, ակնհայտորեն երկուսն էլ տեղի չէին ունենալու, ինչն էլ ակնհայտորեն բարդացրել է հայկական կողմի իրավիճակը, բայց նաև պետք է հիշել, որ COP29-ը Ադրբեջանը հյուրընկալում է հայկական կողմի քայլերի միջոցով նաև։
– Տիկի՛ն Հայրապետյան, բայց կարծիքներ էին հնչում, որ, անկախ արդյունքից, հայկական կողմը պետք է գնար ու օգտագործեր այդ հարթակը, որպեսզի ևս մեկ անգամ բարձրաձայներ գերիների, Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին։ Ինչո՞ւ հայկական կողմը չարեց դա։
– Ես իսկապես այդ հարցին չեմ կարողանում պատասխանել, ես կարծում եմ, որ իրենք դրա հետ կապված այլ ծրագրեր ունեին, որոնք չեն իրականացվելու, ինչպես ասացի, հետևաբար այն իրավիճակում են հայտնվել, որ չգիտեն՝ ի՛նչ որոշում կայացնել ու ինչպե՛ս մեկնաբանել այդ։ Ադրբեջանի ղեկավարը բացման արարողության ժամանակ իր խոսքում ակնհայտորեն կրկին թիրախավորեց Հայաստանն ու կրկին գլուխ գովեց, որ պատերազմով է հարցեր լուծել Լեռնային Ղարաբաղում:
Եթե հայկական կողմը քայլեր չի անում իր շահերը պաշտպանելու ուղղությամբ, եթե երբևէ չի արձագանքում Ադրբեջանի պատերազմական ու թշնամական հռետորաբանությանը, եթե ընդհանրապես անգամ Երևանից չի խոսում ո՛չ ռազմագերիների ազատ արձակման, ո՛չ էլ արցախահայերի իրավունքների մասին, ապա ինչպես կարելի է մտածել, որ գնալու էին ու Բաքվից խոսեին այդ մասին։ Հնարավոր չէ այս իշխանություններից նման ակնկալիքներ ունենալ։
– Իսկ Ադրբեջանն ինչպե՞ս է գնահատում միջոցառումը՝ մասնակցության տեսանկյունից։
– Դեռևս զերծ են մնում մեկնաբանություններից, բայց եթե փաստական նայենք, ապա երկրների ղեկավարների մեծ մասը մերժել է մասնակցությունը առաջին, երկրորդ դեմքերի մակարդակով, մեծ մասը լավագույն դեպքում մասնակցում է փոխվարչապետների մակարդակով, որոշ երկրներ՝ փոխնախարարների մակարդակով: Սովորաբար դա բավականին լայնամասշտաբ միջոցառում է, ու այնտեղ մեկնում են առաջին դեմքերի մակարդակով ու նախորդ տարիներին այդպես է եղել, շատ փոքրաթիվ երկրներ են, որոնք առաջին դեմքերի մակարդակով են այս տարի մասնակցում։
– Իսկ նման մասնակցությունը ինչո՞վ է բացատրվում։
– Նրանով, որ այն հաշվարկները, որոնք ոմանք ունեին, թե COP29-ը կդառնա միջոց նույն Ադրբեջանի ավտորիտար բռնաճնշումները մեղմելու կամ Հայաստանի հետ հնարավոր քննարկումները ավելի կառուցողական հուն ուղղելու հետ կապված, այդ ամենը չիրականացավ։ Ադրբեջանն այս ընթացքում իր քայլերով ցույց տվեց, որ խաղաղության միտված չէ, ավելին՝ այս միջազգային միջոցառումն օգտագործում է ներքին դժգոհությունները մեղմելու, քննադատներին ձերբակալելու համար, ու այդ տրամաբանության մեջ շատ եվրոպացի ղեկավարների հեղինակության տեսանկյունից արդեն խնդրահարույց էր մեկնել այդ ավտորիտար երկիր, որտեղ ավելի քան 20 տարի նույն անձն է ղեկավարում։ Այսինքն՝ Ադրբեջանի այդ իմիջը կրկին քննարկվեց միջազգային մամուլում ու ունեցավ իր հետևանքները։
Գոնե այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Ադրբեջանն ակնհայտորեն միջազգային առումով ավելի շատ տուժել է, քան շահել այդ տեսանկյունից։ Իհարկե, կան պատվերով գրված հոդվածներ, բայց, մեծ հաշվով, հեղինակավոր լրատվականներն ու վերլուծաբաններն ավելի շատ քննադատական խոսքով են հանդես եկել։ Նույն քննադատության արժանացավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ մեկնելու կամ քաղբանտարկյալների խնդիրները չբարձրաձայնելու համար։ Այսինքն՝ Ալիևի վարքը, Արևմուտքին թիրախավորելը, հակաարևմտյան վարքագիծը իր հետևանքներն ունեցել են։
– Հայ ռազմագերիների վերադարձի մասով հույսեր էին կապվում հենց այս միջոցառման համատեքստում, հիմա ունենք այն, ինչ ունենք, ըստ էության, ի՞նչ կարելի է ակնկալել այդ հարցով արդեն COP 29-ից հետո։
– Հիշեցնեմ, որ առաջիկայում, եթե չեմ սխալվում, ՄԱԿ-ի դատարանը նաև պետք է որոշումներ կայացնի, ու, ընդհանուր առմամբ, այդ հարցերում հնարավոր է առաջընթաց գրանցել, եթե Հայաստանը հավատարիմ մնա այդ միջազգային իրավական գործընթացներին, որոնք նախաձեռնել է։
Դրանք կարևոր կռվաններ են այդ ճանապարհին, ու եթե Հայաստանն ինչ-որ պահի սկսի հրաժարվել այդ գործընթացներից, ինչը Ադրբեջանի պահանջներից մեկն է, ապա դա միայն բացասաբար է ազդելու գերիների կամ այլ թեմաների հետ կապված։
Այդ գործընթացներին պետք է հավատարիմ ու հետևողական մնալ, որպեսզի իշխանության հնարավոր փոփոխությունից հետո հնարավոր լինի հաջորդների համար ինչ-որ բան անել, որոշակի լծակներ ունենան, հակառակ դեպքում՝ բավական դժվար վիճակում կհայտնվեն։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am