Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X հարթակում նոր հայտարարությամբ հանդես է եկել՝ վերահաստատելով Ուկրաինայի հանձնառությունը խաղաղությանը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցային սեղանի շուրջ նստել հնարավորինս արագ՝ հաստատուն խաղաղությանը հասնելու համար։
«Ոչ ոք չի ցանկանում անվերջ պատերազմ։ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցային սեղանի շուրջ՝ հաստատուն խաղաղությանը հասնելու համար։ Ոչ ոք ավելի շատ չի ցանկանում խաղաղություն, քան ուկրաինացիները։ Իմ թիմն ու ես պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո, որպեսզի հասնենք տևական խաղաղության», – գրել է Զելենսկին։
Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է արագ գործել պատերազմի ավարտին հասնելու համար։ Նրա խոսքերով՝ առաջին քայլերից կարող են լինել գերիների ազատ արձակումը և «երկնքում հրադադար» հաստատելը, ինչը կնշանակի հրթիռների, հեռահար անօդաչու թռչող սարքերի, ռումբերի արգելք էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան ցանկանում է անհապաղ ծովում հրադադար հաստատել, եթե Ռուսաստանը նույնպես պատրաստ կլինի նման քայլի։
«Այնուհետև մենք ցանկանում ենք շատ արագ անցնել հաջորդ բոլոր փուլերով և ԱՄՆ-ի հետ միասին աշխատել՝ վերջնական, ամուր խաղաղության պայմանագիր ստորագրելու համար», – գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ընդգծել է Ուկրաինայի երախտագիտությունը Միացյալ Նահանգներին՝ իր անկախության և ինքնիշխանության պահպանման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը սկսվեց այն ժամանակ, երբ նախագահ Թրամփը Ուկրաինային տրամադրեց «Ջավելին» հակատանկային համակարգերը։
«Մենք մեծապես գնահատում ենք այն ամենը, ինչ Ամերիկան արել է Ուկրաինային օգնելու համար, որպեսզի մենք պահպանենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Մենք նաև հիշում ենք այն պահը, երբ ամեն ինչ փոխվեց՝ այն պահը, երբ նախագահ Թրամփը մեզ տրամադրեց «Ջավելիններ»։ Մենք երախտապարտ ենք դրա համար», – գրել է նա։
Զելենսկին կրկին անդրադարձել է նաև Վաշինգտոնում ուրբաթ օրը Թրամփի հետ իր հանդիպմանը՝ նշելով, որ այն «չընթացավ այնպես, ինչպես պետք է լիներ»։
«Ափսոս, որ այսպես ստացվեց։ Ժամանակն է ամեն ինչ ճիշտ ուղղելու։ Մենք ցանկանում ենք, որ ապագա համագործակցությունն ու հաղորդակցությունը լինեն կառուցողական», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Անդրադառնալով անվտանգության ու հանքանյութերի վերաբերյալ համաձայնագրին՝ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է ստորագրել այն ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով։
«Մենք այս համաձայնագիրը դիտարկում ենք որպես անվտանգության ամրապնդման քայլ և հուսով ենք, որ այն կգործի արդյունավետ», – գրել է նա։