Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորումներն ու այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները» խորագրով քննարկումները տեղի կունենան վաղը, իսկ
հրատապ բանաձևի քվեարկությունը նախատեսված է մարտի 13-ին։
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել: Նրա ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»:
Երևանում բողոքի ցույցեր են մեկնարկել՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայերի։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հորդորել է Բաքվին անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին։ «Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն», – հայտարարել է Տյուրկը։