«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը
– Բաքվում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է ընդամենը երկու հիմնական պայմանների կատարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրությունից տարածքային պահանջների հետ կապված դրույթի բացառում: Պարո՛ն Փոլադյան, ինչու՞ է Ալիևը ձգտում հասնել այս երկու կետի կատարմանը:
– Պետք է փաստել, որ Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր ապակառուցողական մոտեցումները՝ սեփական երկրում հայատյացությունը հասցնելով ամենաբարձր մակարդակի: Ադրբեջանի իրական նպատակների, գործողությունների վերաբերյալ բազմիցս ենք խոսել, և դրանք շարունակում են մնալ նույնը, որքան էլ Ալիևը խոսում է «համաձայնեցված տեքստի» ու «խաղաղության» մասին:
Ալիևի այս երկու պահանջի կատարումը ոչ միայն անընդունելի է, այլ նաև մեզ համար կարող է աղետաբեր հետևանքներ ունենալ: Հետեւանքներն անդառնալի կլինեն, քանի որ Սահմանադրության փոփոխությաբ ու Մինսկի խմբի լուծարմամբ՝ Արցախի հարցի իրավական հիմքերը հայկական կողմի համաձայնությամբ, ըստ էության դադարելու են գոյություն ունենալ։ Ալիևի խոսույթը, որ փորձում է համոզել միջազգային դերակատարներին, թե ինքը պատրաստ է խաղաղության, ուղղակի աբսուրդ է ու չի համապատասխանում իրականությանը: Ալիևի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերություններում շատ հստակ է՝ Հայաստանի չգոյությունը, գոնե վերջին կես տարվա ընթացքում նրանք շատ բաց են խոսում այդ մասին:
– Եթե անգամ այս պայմանները կատարվեն՝ Ալիևը կստորագրի՞ այդ փաստաթուղթը:
– Չեմ ուզում պատկերացնել անգամ, որ ինչ-որ մի պահի հայկական կողմն այդ պայմանները կկատարի, որովհետև արդեն նշեցի, որ դրանց կատարումն անդառնալի հետևանքներ է ունենալու: Այս պահին հայկական կողմի հիմնական անելիքը անվտանգային համակարգը շատ կտրուկ զարգացնելու գործը պետք է լինի, դժվարությունները հաղթահարելուն պետք է պատրաստվել, որովհետև այս իրավիճակը մեզ դա է թելադրում: Այս պահին իսկապես անտեղի է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին, իրականությունը բոլորովին այլ բանի մասին է փաստում:
– Պատերազմի՞, պարո՛ն Փոլադյան:
– Ադրբեջանական դիրքորոշումներն այլ բանի մասին չեն, մեծ հույս ունեմ, որ ռազմական գործողություն չի լինի, բայց աշխարհաքաղաքական այս արագ զարգացումների ֆոնին դժվար է որևէ հստակ բան ասել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am