Չինաստանն ու Ադրբեջանը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ. Factor

Բաքուն ու Պեկինը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Մենք սկսում ենք երկխոսություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ, և կարծում ենք, որ սա կարող է լինել շատ խոստումնալից գործընթաց, քանի որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը։ Մենք հետաքրքրված ենք մատակարարումների աշխարհագրության դիվերսիֆիկացմամբ, ինչպես նաև համատեղ արտադրությամբ»,- ասել է Ալիևը։ Նա նշել է, որ Բաքուն նաև աջակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին ոչ միայն հրապարակայնորեն, այլև ներդրումներ կատարելով, և արդեն կառուցել է Կասպից ծովի ափին ամենամեծ նավահանգիստը։

«Մենք արդիականացրել ենք երկաթուղիները և նույնիսկ լրացուցիչ միջոցներ ենք հատկացրել Վրաստանում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը մեծացնելու համար։ Դրա հզորությունն այժմ կազմում է 5 միլիոն տոննա։ Մենք կարծում ենք, որ Չինաստանից եկող բեռների մի մասը ևս կանցնի «Զանգեզուրով»՝ Զանգելանի ճանապարհով»,- ասել է Ալիևը։ Նա նաև ընդգծել է Չինաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, որը տեղի է ունեցել անցյալ տարի իր և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո։