ԱՄՆ-ից Կոստա Ռիկա է արտաքսվել 17 ՀՀ  քաղաքացի, որոնցից 2-ը վերադարձել է․ ԱԳՆ. Factor

«ԱՄՆ-ից Կոստա Ռիկա արտաքսված երրորդ երկրների քաղաքացիների թվում, ըստ ԱԳՆ ստացված տվյալների, եղել է 17 ՀՀ քաղաքացի, որոնցից 2-ը վերադարձել են Հայաստան»,- Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Արտաքին գործերի նախարարությունից։

Գերատեսչության փոխանցմամբ՝ գործընթացն իրականացվել է ԱՄՆ-ում, Կոստա Ռիկայում և ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակների սերտ համագործակցությամբ և համակարգմամբ։

«Կոստա Ռիկայի պատկան մարմիններից ստացված տեղեկատվության  համաձայն՝ բոլոր ներգաղթյալներին տրամադրվում է համապարփակ աջակցություն։ Ներգաղթյալները գտնվում են անվտանգության և իրավական պաշտպանության ներքո՝ միջազգային իրավունքին, մարդու իրավունքների նորմերին  և Կոստա Ռիկայի օրենսդրությանը համապատասխան»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում։

Արտգործնախարարությունից միաժամանակ հայտնել են, որ ելնելով միջազգային իրավունքի նորմերից և անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունից՝ ներգաղթյալի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տվյալ անձի քաղաքացիության  երկրին կարող է փոխանցվել միայն վերջինիս ցանկությամբ, ինչը վերոնշյալ դեպքերում  բացակայել է։