Ինչպե՞ս վերահսկել բռնարար ամուսնուն. կնոջ դեմ բռնություն գործադրած ամուսնուն ոստիկանությունն առաջարկում է պարտադրել կրել էլեկտրոնային ձեռնաշղթա

Ընտանիքում բռնություն իրականացրած անձանց նորություն է սպասում. առաջարկվում է, որ նրանք լինեն էլեկտրոնային ձեռնաշղթայով՝ նրանց տեղաշարժը վերահսկելու նպատակով: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը: Փորձագետները կարծում են՝ այս լրացումը դրական քայլ է ոստիկանության կողմից բռնարարին վերահսկելու գործում:

«Սա ուղղակի փոքրիկ լրացում է, որը կօգնի ոստիկանությանը օրենքի կիրարկման ընթացքում և իրականացնել արդյունավետ վերահսկողություն»,- «Մեդիալաբին» ասում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով եթե ընտանիքի անդամներից մեկը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և կա հիմնավոր ենթադրություն, որ բռնությունը կկրկնվի, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության, ինչպես նաև պաշտպանության որոշում: 

Այս որոշումները արդյունավետ իրականացնելու համար Ոստիկանությունն օրենքում կատարվող լրացմամբ առաջարկում է թույլ տալ բռնարարին պարտադրել կրել GPS տեղորոշման համակարգով էլեկտրոնային ձեռնաշղթա կամ թևնոց:

«Բռնություն գործադրած անձի նկատմամբ նման համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս օպերատիվորեն հսկելու վերջինիս տեղաշարժը՝ կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու և բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով»,- նախագծի հիմնավորման մեջ նշել է ոստիկանությունը: Այս սարքի միջոցով ոստիկանությունը կարող է ուղիղ կերպով խոսել իրավախախտի հետ՝ տեղադրված բարձրախոսով։ Եթե բռնարարը դուրս է գալիս օրենքով սահմանված տարածքից և փորձում հասնել զոհի տարածք, ապա սարքավորումը ազդանշան է տալիս և՛ զոհին, և՛ ոստիկանությանը։

Գերատեսչությունը ուսումնասիրել է նաև միջազգային փորձը: Ըստ այդմ՝ Ֆրանսիայում, Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում նման հսկողության համակարգերի կիրառությունը արդարացրել է իրեն: Իսպանիայում այսպիսի համակարգ գործում է 2009 թվականից, Վրաստանում՝ 2017 թվականից, ներկայումս այն ներդրվում է նաև Ուկրաինայում:

«Մինչև այս փոփոխությունը մենք բազմիցս մեր զեկույցներում անդրադարձել ենք խնդրին՝ եթե ոստիկանությունը անհապաղ միջամտության և պաշտպանական որոշումներ է կայացնում, ինչպե՞ս է վերահսկում բռնարարին, որ նա չխախտի դրանք, չէ՞ որ որևէ սարք չկա այդ անձի վրա՝ նրա տեղաշարժը հսկելու համար»,- նշում է Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանն ասում է՝ հիմա իրականությունն այնպիսին է, որ բռնության ենթարկված անձը ինքն է ահուսարսափով զանգահարում ոստիկանություն և հաղորդում, որ բռնարարը իր կողքին կանգնած է: Ավելին, շատ դեպքերում նույնիսկ չի հասցնում զանգահարել, և կինը կրկնակի բռնության է ենթարկվում:

«Ոստիկանը չի կարող 24 ժամ բռնարարի հետևից ման գալ: Էլեկտրոնային հսկման միջոցները կօգնեն, որ ոչ թե կինը զանգահարի ոստիկանին, այլ ոստիկանն ինքը սարքի միջոցով տեղորոշի բռնարարի քայլերը»,- ասում է Հովհաննիսյանը:

«Դու մենակ չես» կանանց աջակցման հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Հարությունյանը գիտի՝ քաղաքակիրթ աշխարհում փորձը ցույց է տվել, որ այդ մեթոդը դրական արդյունքներ է տվել, սակայն թերահավատ է՝ արդյոք Հայաստանում նույնքան դրական կլինի՞ նորամուծությունը:

«Չգիտեմ՝ որքանով մեր հասարակությունը դրան նորմալ կվերաբերվի: Ես նույնիսկ մտավախություն ունեմ, որ մարդիկ ավելի քիչ կդիմեն ոստիկանություն: Հիմա շատ հաճախ բռնության դեպքերը գաղտնի են պահվում հենց ոստիկանության ծառայողների կողմից, ավելին՝ նույնիսկ կնոջը վիրավորում, ամոթանք են տալիս ու անվանարկում բռնարար ամուսնու դեմ բողոք ներկայացնելու համար: Հավանաբար այդպես կլինի նաև էլեկտրոնային տեսահսկման միջոցի կիրառման դեպքում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Նաիրա Հարությունյանը:

Կազմակերպությունն աշխատել է Վայոց ձորում բռնության ենթարկված կանանց հետ, այժմ էլ՝ Արարատի մարզում, և, Հարությունյանի խոսքով՝ երկու մարզում էլ ոստիկանության կողմից թաքուն պահվող ու չարձանագրվող բռնության դեպքերը շատ են եղել:

Դիտարկմանը, թե այս նախաձեռնության հեղինակը ոստիկանությունն է և գուցե շահագրգռված է նորամուծություն կատարելու, Հարությունյանն արձագանքում է. «Արդեն երեք տարի է՝ ոստիկանության հետ մենք այս խնդրով առնչվում ենք, և վիճակը, մեղմ ասած, անմխիթար է: Մենք շատ ուրախ կլինենք, եթե այդպես լինի: Իրենց գործը բավականին կհեշտանա, բայց չգիտեմ՝ որքանով կստացվի: Ամեն դեպքում վատատես չլինենք և հույս ունենանք՝ կյանքի կկոչվի»:

Նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է, և Կառավարության կողմից հաստատվելուց հետո կներկայացվի Ազգային ժողով:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am