Արա Բաբլոյանը հարցաքննվել է. ՀՔԾ

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, օրենքով սահմանված կարգով, հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արա Բաբլոյանին հրավիրել են առավոտյան, սակայն ՀՔԾ-ում հաշվի են առել վիրահատության հանգամանքը և փոխել հարցաքննության ժամը: Բաբլոյանը ՀՔԾ է ներկայացել իր նախընտրած ժամին՝ 16։00-ին:

Նախօրեին, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Նույն քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: