Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի որոշ դրույթներ պետք է վերանայվեն. Մակրոն

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի որոշ դրույթներ պետք է վերանայվեն և բարելավվեն, թեև, նրա խոսքով, Վաշինգտոնի նախաձեռնությունն ընդհանուր առմամբ շարժվում է ճիշտ ուղղությամբ։

«Միայն ուկրաինացիներն են, ովքեր կարող են որոշել՝ ինչ զիջումների են պատրաստ գնալ տարածքների, լեզվի և սահմանադրական հարցերում»,- ընդգծել է նա։

Էմանուել Մակրոնը նաև չի բացառել, որ ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինա կարող են ուղարկվել ֆրանսիական ուժեր։ Խոսքը միջազգային «անվտանգության ուժերի» մասին է, որոնց կազմում կարող են ընդգրկվել նաև բրիտանական և թուրքական ստորաբաժանումներ։

Ըստ Մակրոնի՝ այդ ստորաբաժանումները կտեղակայվեն առաջնագծից հեռու՝ օրինակ Կիևում կամ Օդեսայում, և կաջակցեն ուկրաինական զինված ուժերի վերապատրաստմանը։ Նա հավելել է, որ առաքելությունն անցկացվելու է ոչ թե ՆԱՏՕ-ի շրջանակում, այլ՝ տարբեր երկրների մասնակցությամբ ձևավորվող միջկառավարական կոալիցիայի ձևաչափով։