Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառը եղել է բնական ծագման բարձր թունավոր նյութով՝ էպիբատիդինով թունավորումը։ Այս մասին գրում է The Insider պարբերականը։
Հրապարակման համաձայն՝ Նավալնին թունավորվել է էկվադորյան գորտի թույնով։ Պարբերականը նշում է, որ եզրակացությունը հիմնված է հինգ երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների վրա։
Սպասվում է, որ նշված հինգ երկրների ներկայացուցիչները համատեղ հայտարարությամբ հանդես կգան Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
The Insider-ը հայտնում է, որ Նավալնիի կենսաբանական նմուշները մահից հետո արտահանվել են նրա ընտանիքի կողմից։ Վերակենդանացման բժիշկ Ալեքսանդր Պոլուպանը, որը նախկինում բուժել էր Նավալնիին «Նովիչոկ»-ով թունավորման դեպքից հետո, պարբերականին ասել է, որ քաղաքական գործչի մահվանից առաջ դիտարկված կլինիկական ախտանշանները համապատասխանում են էպիբատիդինի ազդեցությանը։
Նյութի համաձայն՝ թույնի վաղ փուլում հնարավոր են սրտխփոց, արյան ճնշման բարձրացում, փսխում և ցնցումներ, որոնք արագորեն փոխարինվում են սրտի ռիթմի դանդաղմամբ, հիպոտոնիայով և շնչառության ճնշմամբ։ Առավելագույն կոնցենտրացիան ուղեղում հասնում է մոտավորապես 30 րոպե անց՝ օրգանիզմ ներթափանցելուց հետո։
Ալեքսեյ Նավալնին ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ և հակակոռուպցիոն ակտիվիստ էր, որը երկար տարիներ հրապարակայնորեն քննադատում էր Ռուսաստանի իշխանություններին և նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա մի քանի անգամ ենթարկվել էր քրեական հետապնդման, 2020 թվականին թունավորվել էր «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով, իսկ հետագայում վերադարձել Ռուսաստան, որտեղ ձերբակալվել և դատապարտվել էր։ Նավալնին մահացել է 2024 թվականի փետրվարին՝ բանտում գտնվելու ընթացքում։



















