Հայաստանն ու Ադրբեջանը չեն քննարկում հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի հարց. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները բանակցությունների ընթացքում չեն քննարկում տեղահանված հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի հարցը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում։

«Ադրբեջանցիների վերադարձի հարց չենք քննարկել և չենք քննարկում։ Չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի, Բաքվի հայերի կամ այլ վայրերից տեղահանված հայերի վերադարձի հարցը։ Երկու ուղղություններով էլ նման քննարկումները ներկայիս քաղաքական իրավիճակի վրա ունեն պրովոկատիվ ազդեցություն և փոխադարձաբար լարում են մթնոլորտը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ այս երկու թեմաները քաղաքական օրակարգում թեժ պահում են նույն ուժերը։

«Սկզբում մի հարցն են էսկալացնում, բավարար արդյունք չլինելու դեպքում՝ մյուսը։ Սա էժան քաղաքական շահարկում է, ոչ ավելին։ Օրինակ՝ Կալուգայում բնակվող օլիգարխը, համոզված եմ, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում․ նրան պարզապես հանձնարարում են, և նա դա կրկնում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին։