2026 թվականի Հանրապետության օրը Հայաստանը նշում է նոր պատմական պայմաններում․ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուրջ 35 տարի շարունակված հակամարտությունից հետո հաստատվել է խաղաղություն։ Այս մասին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ խաղաղության բացակայությունն էր այն հիմնական պատճառներից մեկը, որի հետևանքով Հարավային Կովկասի երեք պետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, 1918 թվականին անկախություն հռչակելուց ընդամենը երկու տարի անց կորցրին իրենց անկախությունը։
«Խաղաղությունն այն է, ինչ չհերիքեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը՝ պահպանելու և զարգացնելու իր անկախությունը»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Առաջին հանրապետության պատմական փորձը կարևոր դեր է ունեցել ներկայիս խաղաղության գործընթացներում, իսկ այսօր Հայաստանը հաղթահարում է «պետության ժամանակավորության բարդույթը» և որդեգրում պետության հարատևության օրակարգ։
Վարչապետը շեշտել է, որ պետության շահը, անվտանգությունը, ազատությունն ու քաղաքացիների բարեկեցությունը պետք է լինեն բոլոր որոշումների հիմքում։
Փաշինյանի խոսքով՝ խաղաղության ինստիտուցիոնալացումը, իրավական պետության ամրապնդումը, Հայաստանը «հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ» դարձնելը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմամբ, կառավարության ռազմավարական առաջնահերթություններից են։
Նա կարևորել է նաև կրթության դերը՝ այն անվանելով «ռազմավարությունների ռազմավարություն»։
Անդրադառնալով բանակին՝ վարչապետը նշել է, որ խաղաղության պայմաններում այն մնում է պետության կարևորագույն ինստիտուտներից մեկը։
«Այսօր Հայաստանի բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև ուժեղ և պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը կարող է դառնալ ագրեսիայի թիրախ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ զորահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվում են 2022 թվականից ի վեր արձանագրված արդյունքները։



















