Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

Ռուսաստանը անհրաժեշտ է համարում մոտ ժամանակներս վերսկսել մշակութային-հումանիտար համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընդհանուր առմամբ, Մոսկվան նպատակադրված է հետևողականորեն զարգացնել Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրը։ Դա համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին։ Անհրաժեշտ ենք համարում մոտ ժամանակներս վերսկսել լիարժեք համագործակցությունը մշակութային-հումանիտար ոլորտում ստեղծված դադարից հետո»,- ասել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ Մոսկվան ակնկալում է Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների շուտափույթ ազատ արձակումը։

«Սպասում ենք անցյալ տարվա ամռանը հանրապետությունում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների շտապ ազատ արձակմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։