ԱՄՆ-ը խստացնում է ուսանողների և լրագրողների վիզային կանոնները

ԱՄՆ-ն խստացնում է ուսանողների և լրագրողների համար նախատեսված վիզային կանոնները։ Սպիտակ տունը հայտարարել է նոր սահմանափակումների մասին, որոնք կկրճատեն օտարերկրյա ուսանողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների վիզաների գործողության ժամկետը։ Նոր կանոնները նախատեսվում է ուժի մեջ մտցնել սեպտեմբերի կեսերից։

Նոր պահանջների համաձայն՝ ուսանողական վիզաները կտրվեն ուսման ողջ ժամանակահատվածի համար, սակայն առավելագույնը՝ 4 տարի ժամկետով։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ վերահսկել և ստուգել օտարերկրյա քաղաքացիներին։ Նոր կանոնները կարող են հատկապես ազդել այն ուսանողների վրա, որոնց կրթական ծրագրերը տևում են ավելի երկար, ինչպես նաև նրանց, ովքեր բուհն ավարտելուց հետո նախատեսում են շարունակել ուսումը դոկտորանտուրայում։

Լրագրողական վիզաները կտրամադրվեն առավելագույնը 240 օրով՝ հետագայում երկարաձգելու հնարավորությամբ։ Նախկինում օտարերկրյա թղթակիցները, անհրաժեշտ պայմանները պահպանելու դեպքում, կարող էին ԱՄՆ-ում ապրել և աշխատել մի քանի տարի։ Չինացի լրագրողների համար սահմանափակումներն ավելի խիստ են լինելու․ նրանց վիզաների առավելագույն ժամկետը կկազմի 90 օր։ Ամերիկյան իշխանությունները փոփոխությունները հիմնավորում են վիզային համակարգի հնարավոր չարաշահումները կանխելու անհրաժեշտությամբ։

ZDF-ի տվյալներով՝ նոր պահանջները կազդեն ԱՄՆ-ում աշխատող ավելի քան 1500 հավատարմագրված օտարերկրյա լրագրողների վրա։ Մամուլի ազատության պաշտպանության կազմակերպությունները, այդ թվում՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF)-ն և Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), խիստ քննադատել են նախաձեռնությունը՝ զգուշացնելով, որ այն կբարդացնի միջազգային լրատվամիջոցների աշխատանքը և ԱՄՆ-ից երկարաժամկետ լուսաբանումը։

Ինչպես հայտնում է ntv-ն, Պեկինը սահմանափակումները որակել է խտրական և պահանջել Վաշինգտոնից չեղարկել չինացի լրագրողների նկատմամբ կիրառվող միջոցները։ Չինաստանի ղեկավարությունը նաև հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել։