ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունները, թե զինամթերքի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հրթիռների պակասը դարձել է Իրանի դեմ ռազմական ճնշման ուժեղացումը հետաձգելու պատճառ։ Այդ մասին նախագահը հայտարարել է The Wall Street Journal-ին։
«Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան աշխարհի ցանկացած երկիր, և շատ ավելի, քան մեզ անհրաժեշտ է», – ասել է Թրամփը՝ մեկնաբանելով հրապարակված տեղեկությունները։
Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը որոշել է հետաձգել Իրանի դեմ ռազմական գործողությունների ինտենսիվացումը՝ մտահոգությունների պատճառով, որ հնարավոր էսկալացիան կարող է սպառել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան այլ ՀՕՊ միջոցների հրթիռային պաշարները։
Միաժամանակ, ամերիկյան մի շարք լրատվամիջոցների տվյալներով, ԱՄՆ բարձրաստիճան ռազմական և քաղաքական խորհրդականները, այդ թվում՝ փոխնախագահը, Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը և Կենտրոնական հրամանատարության ղեկավարը, մտահոգություն են հայտնել թե՛ հարվածների արդյունավետության, թե՛ սպառազինության պաշարների վերաբերյալ։ Նրանց գնահատմամբ՝ վերջին երկու շաբաթվա ռմբակոծությունների ընթացքում նախապես ընտրված թիրախների զգալի մասն արդեն խոցվել է, ինչի հետևանքով հետագա գործողությունների արդյունավետության վերաբերյալ հարցեր են առաջացել։



















