The Guardian․ Հայաստանի Աղի հանքի անձավաբուժական կենտրոնը կարող է փակվել պետական ֆինանսավորման դադարեցումից հետո

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Հանրապետական անձավաբուժական կենտրոնին՝ ներկայացնելով Աղի հանքում գործող բուժհաստատության աշխատանքն ու դրա փակման վտանգը։

Կենտրոնը գործում է 1987 թվականից։ Պացիենտները շուրջ 250 մետր խորությամբ իջնում են աղի հանք և օրական մոտ վեց ժամ անցկացնում ստորգետնյա սրահներում։ Այստեղ նրանք հանգստանում են, քայլում, շնչառական և ֆիզիկական վարժություններ կատարում, բիլիարդ ու սեղանի թենիս խաղում։ Բուժման մեկ կուրսը սովորաբար տևում է երեք շաբաթ։

Կենտրոնում կիրառվող անձավաբուժությունը հիմնված է այն մոտեցման վրա, որ աղով հագեցած, ալերգեններից ու աղտոտվածությունից գրեթե զերծ օդը կարող է մեղմել բրոնխային ասթմայի, բրոնխիտի, քրոնիկ սինուսիտի, ալերգիաների և որոշ մաշկային հիվանդությունների ախտանշանները։ Հանքում ամբողջ տարվա ընթացքում պահպանվում է մոտ 19 աստիճան ջերմաստիճան։

The Guardian-ը գրում է, որ նախկինում կենտրոնը տարեկան հազարավոր պացիենտներ էր ընդունում, որոնցից շատերը բուժումն անվճար էին ստանում պետական ծրագրով։ Միաժամանակ այնտեղ կարող էր բուժվել մինչև 60 մարդ, մինչդեռ այժմ օրական այցելուների թիվը երբեմն ընդամենը հինգ է։

Կենտրոնի ֆինանսական վիճակը վատացել է 2019 թվականից, երբ կառավարությունը դադարեցրել է պետական ֆինանսավորումը՝ պատճառաբանելով, որ անձավաբուժության արդյունավետությունը հաստատող գիտական ապացույցները բավարար չեն։ Դրանից հետո պացիենտները յուրաքանչյուր այցելության համար ստիպված են վճարել մոտ 20 ֆունտ ստեռլինգին համարժեք գումար։

Կենտրոնի բժիշկ Անուշ Ոսկանյանը The Guardian-ին ասել է, որ բուժհաստատությունը փակման եզրին է և ներկայումս հազիվ է շարունակում աշխատանքը։ Նրա խոսքով՝ այն կարող է փակվել ցանկացած օր։

Պարբերականը նշում է, որ շնչառական հիվանդությունների մասնագետներից շատերն անձավաբուժությունը համարում են լրացուցիչ մեթոդ, որը կարող է թեթևացնել որոշ ախտանշաններ, սակայն չպետք է փոխարինի հիմնական բուժմանը։ Թեև անձավաբուժության արդյունավետության վերաբերյալ գիտական քննարկումները շարունակվում են, կենտրոն այցելող պացիենտները պատմում են, որ բուժման կուրսից հետո իրենց շնչառությունն ու ընդհանուր ինքնազգացողությունը բարելավվել է։ The Guardian-ը նյութն ավարտում է՝ ընդգծելով, որ Աղի հանքի անձավաբուժական կենտրոնը մարդկանց տալիս է ոչ միայն բուժման հնարավորություն, այլև մի քանի ժամ լիակատար լռություն ու արտաքին աշխարհի աղմուկից կտրվելու հազվադեպ հնարավորություն։