Վրաստանի եկամուտների ծառայությունը հետաքննության է փոխանցել գործը՝ կապված Թուրքիայից Ռուսաստան ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ կեղծ փաստաթղթերով տեղափոխելու հնարավոր փորձի հետ։
Այս մասին հայտնում է OC Media-ն՝ հղում անելով Վրաստանի եկամուտների ծառայության հայտարարությանը։ Գերատեսչության տվյալներով՝ ադրբեջանական համարանիշներով բեռնատարը հուլիսի 24-ին Թուրքիայից Վրաստան է մտել Սարպի անցակետով։
Վարորդը սկզբում հայտարարագրել է, որ եվրոպական ծագման ապրանքները Թուրքիայից տարանցիկ տեղափոխվում են Ռուսաստան։ Վրաստանի կողմից կիրառվող ԵՄ պատժամիջոցների համաձայն՝ բեռնատարն ուղարկվել է հետ՝ Թուրքիա։
Մի քանի ժամ անց նույն մեքենան կրկին վերադարձել է Սարպի անցակետ։ Երկրորդ հայտարարագրման ժամանակ վարորդը ներկայացրել է փաստաթուղթ, ըստ որի՝ ապրանքները թուրքական ծագման են։
Մաքսային ծառայողները կասկածների հիման վրա մասնակի զննություն են իրականացրել և պարզել, որ բեռի գործարանային պիտակների վրա որպես ծագման երկրներ նշված են Գերմանիան և Խորվաթիան, ինչը հակասել է ներկայացված փաստաթղթերին։
Վրաստանի եկամուտների ծառայությունը կասկածում է փաստաթղթերի կեղծման և մաքսային վերահսկողությունը շրջանցելով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ Ռուսաստան տեղափոխելու փորձի մեջ։ Գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։
Հայտարարությանը նախորդել էին ադրբեջանական Report լրատվամիջոցի հրապարակումները, ըստ որոնց՝ ադրբեջանցի բեռնատարների վարորդները մի քանի օր շարունակ մնացել էին Վրաստանի մաքսային անցակետերում՝ չստանալով ուշացումների պատճառների վերաբերյալ հստակ բացատրություններ։
Վրաստանի ԱԳՆ-ն OC Media-ին հաստատել է, որ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է գերատեսչությանը՝ ադրբեջանական բեռնատարների մուտքի և Վրաստանի տարածքով տարանցման հետ կապված ուշացումների հարցով։



















