Թրամփ․ Իրանի հետ համաձայնության հասնելը հիմա ավելի դժվար է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի է դժվարացել, քանի որ երկրի ղեկավարության մեծ մասն այլևս չկա։ Այս մասին նա ասել է 77 WABC ռադիոկայանի եթերում՝ իր նախկին փաստաբան Մայքլ Քոհենի հետ հարցազրույցում։

Թրամփը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ը Իրանի հարցում շատ լավ դիրքում է և, ըստ էության, վերահսկում է Հորմուզի նեղուցը։

«Նավատորմը վերացել է, օդուժը վերացել է, ղեկավարությունը վերացել է։ Խնդրի մի մասն այն է, որ այնքան շատ ղեկավարներ են վերացել, որ համաձայնություն կնքելը հեշտ չէ։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատու», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը կրկնել է, որ Իրանի հետ հակամարտության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ձեռք բերի։ Նրա պնդմամբ՝ եթե ինքը 2018 թվականին դուրս չգար 2015 թվականին՝ նախագահ Բարաք Օբամայի օրոք, Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, ապա Իրանը միջուկային զենք կունենար և «շատ արագ ու առանց վարանելու կօգտագործեր այն»՝ «կջնջեր Իսրայելը, կջնջեր Մերձավոր Արևելքը»։

«Երբ մենք հարվածեցինք նրանց B-2 ռմբակոծիչներով, նրանք ընդամենը երկու շաբաթ էին հեռու նոր միջուկային ռումբ մշակելուց։ Ահա թե ինչու էի ես ստիպված դա անել, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք նման զենք ունենան», – նշել է ամերիկացի առաջնորդը՝ նկատի ունենալով 2025 թվականի հունիսի 22-ին Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում գտնվող Իրանի երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ի դաշնակից մերձավորարևելյան որոշ երկրներ Իրանի դեմ հակամարտության ընթացքում «կիսաչեզոք» դիրք էին զբաղեցրել։

«Երբ այս ամենը սկսվեց, ի զարման բոլորի՝ նրանք (խմբ.՝ Իրանը) սկսեցին հրթիռային հարվածներ հասցնել կիսաչեզոք երկրներին։ Նրանք հարվածեցին Սաուդյան Արաբիային, Կատարին, ԱՄԷ-ին, Քուվեյթին, Բահրեյնին։ Եթե նրանք միջուկային զենք ունենային, ապա այն կօգտագործեին բոլորի դեմ», – ասել է ԱՄՆ նախագահը։

Իրանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ Թեհրանը չի հարձակվել տարածաշրջանի որևէ երկրի վրա, այլ թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաներն ու ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտները։