Մոսկվան մտադիր է պահպանել Հայաստանի հետ 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ նույն մոտեցումն ակնկալում են նաև Երևանից։
«Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հարցը։ 102-րդ ռազմաբազան առանցքային դեր է խաղում Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում, և դրան այս պահին այլընտրանք չկա»,- ասել է Զախարովան։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, նշել էր, որ Երևանը երբեք չի բարձրացրել 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի խոսքով, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան, հայկական կողմը դրան չի առարկի։



















