Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խստորեն դատապարտել է երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունները՝ հայտարարելով, որ պետական հաստատությունների, առևտրային օբյեկտների վրա հարձակումներ իրականացրած և թալանին մասնակցած անձինք կպատժվեն։
«Մեր Հանրապետությունում բռնության համար տեղ չկա։
Նրանք, ովքեր ավերածություններ են իրականացրել, հարձակվել նահանգապետարանների ու խանութների վրա, թալանել անգամ մեր քաղաքապետարանները, կենթարկվեն քրեական հետապնդման և կպատժվեն։
Իրավապահ մարմիններին, որոնք ապահովում են ցույցեր անցկացնելու իրավունքը, հայտնում եմ ողջ ազգի աջակցությունը։
Մենք բոլորս միասնական կկանգնենք քաոս սերմանողների դեմ, որոնք ձգտում են միայն տապալել մեր պետական ինստիտուտները և խոչընդոտում են նրանց, ովքեր ցանկանում են խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց պահանջները»,- գրել է Մակրոնը X-ի (նախկին Twitter) իր էջում։

Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային բողոքի ցույցերը մի շարք քաղաքներում վերածվել են զանգվածային անկարգությունների։ Փարիզում, Մարսելում, Լիոնում և այլ քաղաքներում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, հրկիզվել են շինություններ, թալանվել խանութներ, հարձակումներ են իրականացվել պետական և համայնքային հաստատությունների վրա։
Բողոքի ցույցերին, ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության, մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են մոտ 800 հազար։ Շուրջ 400 մարդ ձերբակալվել է։
Զանգվածային բողոքի պատճառներն են կյանքի թանկացումը, կրթական համակարգի խնդիրները և հանրային ծառայությունների վիճակի վատթարացումը։



















