«Վարդագույն հովազը» Փարիզի ցույցերին չի մասնակցել․ AI-ով ստեղծված կադրերից մեկի հիմքում նաև Երևանի ցույցերի լուսանկարն է

Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ֆոնին սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում Վարդագույն հովազի հագուստով մարդը փախչում է ոստիկանական ջրցան մեքենայից, իսկ մեկ այլ կադրում ցուցարարների հետ կանգնած՝ միջնամատ է ցույց տալիս իրավապահներին։

Կադրերը ներկայացվել են որպես Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցերի իրական դրվագներ։ Սակայն փաստերի ստուգմամբ զբաղվող մի շարք լրատվամիջոցներ պարզել են, որ դրանք ստեղծվել կամ փոփոխվել են արհեստական բանականության միջոցով։ Ավելին՝ տարածված պատկերներից մեկի հիմքում Հայաստանի 2015 թվականի «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ արված իրական լուսանկարն է։

Իսպանական Newtral փաստերի ստուգման հարթակը, ուսումնասիրելով լուսանկարները, հայտնաբերել է ԱԲ-ի կիրառման հետքեր։ Google-ի SynthID գործիքով կատարված ստուգումը ցույց է տվել, որ պատկերները ստեղծվել կամ փոփոխվել են արհեստական բանականության միջոցով։

Կադրերում նկատվել են նաև անհամապատասխանություններ։ Մասնավորապես, ոստիկանական ջրցան մեքենայի վրա պատկերված Ֆրանսիայի հանրապետական անվտանգության ստորաբաժանումների՝ CRS-ի տարբերանշանը չի համապատասխանում իրականին, իսկ որոշ գրություններ անընթեռնելի են։

Հոկտեմբերի 19-ին EFE գործակալության փաստերի ստուգման բաժինը նույնպես հաստատել է, որ տարածվող պատկերներն իրական չեն։ Տեսանյութում Վարդագույն հովազի բեղերը որոշ պահերի փոխում են տեսքն ու նույնիսկ անհետանում, իսկ հետին պլանում նկատվում են ԱԲ-ով ստեղծված պատկերներին բնորոշ այլ անհամապատասխանություններ։

Երևանյան լուսանկարի հետքը

Իտալական Open լրատվամիջոցի փաստերի ստուգման բաժինը պարզել է, որ Վարդագույն հովազի մասնակցությամբ կեղծ պատկերները ստեղծվել են տարբեր երկրներում տեղի ունեցած իրական բողոքի ցույցերի լուսանկարների հիման վրա։

Մասնավորապես, այն կադրը, որում Վարդագույն հովազը միջնամատ է ցույց տալիս ջրցան մեքենայի դիմաց, ստեղծվել է 2015 թվականի հունիսին Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացված ցույցի լուսանկարի հիման վրա։

Բնօրինակ կադրում պատկերված է ոստիկանության ջրցան մեքենայի դիմաց կանգնած իրական ցուցարար։ Լուսանկարի հեղինակը Վահրամ Բաղդասարյանն է։

Մեկ այլ կեղծ պատկերի հիմքում Քենիայում 2025 թվականին անցկացված հակակառավարական ցույցերից լուսանկար է, իսկ Վարդագույն հովազի՝ Մոլոտովի կոկտեյլ նետելու տեսարանը ստեղծվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում 2010 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած բողոքի ակցիայի լուսանկարի փոփոխությամբ։

Այսպիսով, տարբեր երկրներում ու տարբեր տարիներին արված լուսանկարները փոփոխվել են ԱԲ-ի միջոցով և ներկայացվել որպես Ֆրանսիայի վերջին զանգվածային ցույցերի կադրեր։

Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, հրկիզումներով և թալանով։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ձերբակալվել է շուրջ 2000 մարդ։

Այդ իրադարձությունների ֆոնին կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը լայն տարածում են ստացել սոցիալական ցանցերում՝ ստեղծելով տպավորություն, թե Վարդագույն հովազի կերպարով ցուցարարը դարձել է ֆրանսիական բողոքի շարժման խորհրդանիշներից մեկը։

Իրականում նման մասնակցության հավաստի ապացույցներ չկան, իսկ տարածված կադրերը փաստերի ստուգման արդյունքում ճանաչվել են կեղծ։