Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը

Մոսկվայի չորս խոշոր օդանավակայանները՝ «Շերեմետևոն», «Դոմոդեդովոն», «Վնուկովոն» և «Ժուկովսկին», հոկտեմբերի 23-ի կեսօրին ժամանակավորապես դադարեցրել են թռիչքների ընդունումն ու իրականացումը՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։

«Ռոսավիացիայի» հաղորդմամբ՝ օդանավակայանների ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, ներգրավվել է լրացուցիչ անձնակազմ, իսկ ավիաընկերությունները ճշգրտում են չվացուցակները։

«Շերեմետևո» օդանավակայանում հայտարարվել է օդային տագնապ։ Ուղևորներին հորդորել են տեղափոխվել անվտանգ գոտիներ և ապաստարաններ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 17 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Հոկտեմբերի ընթացքում Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը բազմիցս ժամանակավորապես դադարեցվել է ԱԹՍ-ների հարձակման սպառնալիքի պատճառով, ինչի հետևանքով տասնյակ, երբեմն հարյուրավոր չվերթեր հետաձգվել կամ չեղարկվել են։

Օդանավակայաններին անմիջական հարվածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ուկրաինական կողմը տեղի ունեցածը դեռ չի մեկնաբանել։